Գիտություն 

Մրցութային գործընթաց` ակադեմիական տարկետում ստանալու նպատակով

analitik.am

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները գնահատելու համար այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել դիմորդների մրցութային գործընթաց:

ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:

ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը դիմորդներին ներկայացրել է մրցույթի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ հանձնաժողովի կողմից կուսումնասիրվի սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ներկայացված 17 դիմում, որից 9-ը՝ բակալավրի,  3-ը՝ մագիստրատուրայի, 5-ը՝ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներից:

Հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին:

Մրցութային գործընթացի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը:

Նույն շարքից