Առողջապահություն 

ՄԻԲՍ-ը պարտավորվել է հուշագրի շրջանակներում պրոտոնային թերապիայի կարիք ունեցող 1 երեխայի անվճար կուրս իրականացնել

analitik.am

Հայ-ռուսական առողջապահական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Սերգեյ Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի Միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշման կենտրոն»-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը պարտավորվել են համագործակցել ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման ոլորտում։

Կարևորելով բնակչության կյանքի և առողջության համար լուրջ սպառնալիք հանդիսացող ուռուցքային հիվանդությունների կանխարգելումը և հաշվի առնելով, որ դրա ախտորոշումն ու բուժումը թանկարժեք են՝ կողմերը պայմանավորվել են, որ պրոտոնային թերապիայի մեթոդով բուժման կարիք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հատկապես երեխաներին հնարավորություն է տրվելու ուղեգրել «Սերգեյ Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի Միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշման կենտրոն» (ՄԻԲՍ)։

Վերջինս պրոտոնային թերապիայի մեթոդով մասնագիտական, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն և պրոտոնային ճառագայթային թերապիայի միակ կլինիկական կենտրոնն է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում։

Միաժամանակ կարևորելով համաշխարհային փորձը՝ հատկապես երեխաների մոտ գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների բուժման արդյունավետրությունը՝ ՄԻԲՍ-ը պարտավորվել է հուշագրի շրջանակներում  պրոտոնային թերապիայի կարիք ունեցող 1 երեխայի անվճար կուրս իրականացնել, ինչպես նաև ամսական մեկ պացիենտ անվճար կանցնի ՊԷՏ/ՀՏ հետազոտություն։

Նույն շարքից