«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի և մյուս գրողների ու գրականագետների՝ Հայաստանի գրողների միության կազմից դուրս գալու դիմումներն առկախվել է։
Միության քարտուղարը ասել է, որ չեն ստորագրել, իրենքդուռը բաց են թողել այն իմաստով, որ եթե ուզենան ետ վերցնել դիմումները, ընթացք չեն տա:
Պետրոս Դեմիրճյանը նշել է, որ իրենք կողջունեն, որ Արքմենիկը և մյուսները ցանկանան գոնե մասնակցել իրենց ծրագրերին։ «Արքմենիկը կամ Աշոտը շատ լավ տղաներ են, ես որևէ բան չունեմ նրանց դեմ, բայց եթե ցանականում են գնալ ուրիշ տեղ, լինի դա Անտարեսը կամ՝ այլ տեղ, մենք ոչինչ չունենք դրա դեմ»,-ասաց նա։
Արքմենիկ Նիկողոսյանը ասել է, որ իր դիմումը ետ վերցնելու մտադրություն դեռևս չունի, մինչև միության անառողջ մթնոլորտի փոփոխություն չտեսնի։
Հիշեցնենք, որ գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև՝ բանաստեղծներ Աշոտ Գաբրիելյանը և Մանե Գրիգորյանը ՀԳՄ-ից դուրս գալու դիմում էին ներկայացրել, իսկ գրող Գուրգեն Խանջյանը որոշել էր սառեցնել իր անդամությունը, քանի որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նախագահի մրցանակին առաջադրվելու հայտ էր ներկայացրել և հետագայում արժանացել այդ մրցանակին։ Գրականագետները հայտարարել էին, որ ճիշտ կլինի, որպեսզի նա հանի իր թեկնածությունը, քանի որ մրցակցությունն արդար չի ընթանա։
«Իմ դիմում գրելն ըմբոստություն չէր, այլ՝ ժեստ այդ պահին կոնկրետ երևույթի դեմ. կապված էր պետական մրցանակի հետ: Իմ կարծիքով՝ դա անառողջ բարոյական մթնոլորտ էր ստեղծում մրցակցության տեսանկյունից, որը թելադրված է Գրողների միությունում իշխող որոշ բարքերով։ Դրա փոփոխություն եմ ուզում տեսնել։ Ինչու՞ ես հանձնաժողովի կազմից դուրս չեկա, այլ՝ այդ դիմումը գրեցի. դա ժեստ էր, թե՝ վերանայե´ք այս ամեն ինչը և կեղծ հեղինակություններին շատ բանի տեղ մի դրեք։ Կեղծ հեղինակությունները պետք է գահընկեց արվեն»,-ասաց նա։