Ռազմական 

Ճիշտ չի լինի, եթե ծնողներին ընդհանրապես արգելվի իրենց զինվորներին որևէ բան ուղարկել. ԳՇ պետ

Հարցը պետք է ուղղել բժշկական հանձնաժողովին, զինծառայողները բժշկական հետազոտություն չեն անցկացնում, բժիշկներն են դա անում և նրանք պետք է բացառեն առողջական խնդիրներ ունեցողների բանակում հայտնվելը: Այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե բացառում են իրենք արդյո՞ք, որ առողջական խնդիրներ ունեցող տղաները կարող են հայտնվել բանակում:

Դավթյանի խոսքերով, իրենք ապահովում են բոլոր պայմանները, որպեսզի ճիշտ որոշումներ կայացվեն:

ԳՇ պետը խոսեց նաև այն մասին, որ ծնողները շարունակում են հագուստ և այլ պարագաներ ուղարկել զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդիներին. «Այն, ինչ մենք տալիս ենք զինծառայողին, բավարար է իր կենցաղն ապահովելու, մարտական խնդիրը կատարելու համար: Եթե մայրը գտնում է, որ լրացուցիչ որևէ բան պետք է ուղարկել որդիներին, դա իրենց որոշելիքն է: Բացի դրանից, մենք ունենք սոցիալական շերտավորումից և տարբեր բնավորությամբ մարդիկ, որոնք ունենք տարբեր պահանջներ: Կան տղաներ, որոնք ուզում են, որ ծնողների ուշադրության կենտրոնում լինեն՝ պահանջելով ծնողներից այս կամ այն բանը: Եթե խնդիր կա համազգեստի, կոշիկի, ներքնաշորի և պայմանների հետ, պատրաստ ենք քննարկել։ Մենք գտնում ենք, որ ճիշտ չէ ընդհանրապես արգելել հարազատներին որևէ բան ուղարկել որդիներին»:

Նույն շարքից