Վերլուծական 

Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի մակարդակով փաստվեց, որ Հայաստանում կոռուպցիա ամեն դեպքում կա. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետևաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձևից, որ ուներ նախկինում:

Որոշ ժամանակ անց, երբ միջին և ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք նոր իրավիճակում համարձակվում կոռուպցիայով զբաղվել, կաշառք վերցնել: Այդ մարդկանց հանդեպ հնչեցվում էին բարոյական գնահատականներ, ըստ որոնց, նրանք չէին ըմբռնել Հայաստանում փոխված իրավիճակը:

Արդեն վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի մակարդակով փաստվեց, որ Հայաստանում կոռուպցիա ամեն դեպքում կա: Ավելին՝ արդեն քանի օր է շրջանառվում է ներիշխանական հնարավոր կոռուպցիոն սկանդալ՝ կապված ՊՎԾ աշխատակիցների հետ:

Արդյո՞ք ի սկզբանե իշխանությունները անկեղծ էին, երբ համարում էին, որ կոռուպցիա չկա ընդհանրապես, դժվար է ասել: Փաստը այն է, որ այս պահի դրությամբ արձանագրված է, որ կոռուպցիա կա: Ընդ որում, կա ոչ միայն միջին ու ներքևի օղակներում, այլ վերևի օղակներում ևս: ՊՎԾ շուրջ հասունացող սկանդալը դրա ապացույցն է, ապացույց առ այն, որ պայմանական հեղափոխականների շրջանում ևս կոռուպցիա կա:

Սա, իհարկե, խարան չէ բուն հեղափոխության համար: Ի վերջո պատմությամբ ապացուցված է, որ բազմաթիվ հեղափոխականներ են հետ կանգնել իրենց հռչակած արժեքներից: Հնարավոր չէ, որ բազմաքանակ հեղափոխական ղեկավարության մեջ բոլորը լինեն բարոյական արժեքների կրող: Ի վերջո, կոռումպացվածության կամ դրա բացակայության մակարդակը արձանագրվում է ոչ թե դրանով զբաղված չլինելու փորձառությամբ, այլ կոռուպցիային առերեսվելու և ճանապարհը փոխելու համարձակությամբ:

Խնդիրը այլ տեղ է: Կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում: Կոռուպցիան համակարգային խնդիր է, ու դրա բացակայությունը երաշխավորել բացառապես մարդկային բարոյականությամբ անարդյունավետ է: Այս իմաստով հույս ունենք, որ վերջին արձանագրումները ազդակ կհանդիսանան, որպեսզի վերանայվի կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը:

Վախեցնել դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել: Ավելին՝ վախեցնել հնարավոր է սկզբում, երբ կա հեղափոխական մթնոլորտ ու ահռելի վստահության ռեսուրս: Այնուհետ այդ ռեսուրսը պակասելու է, ընդ որում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետևաբար կարիք կա դնել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկը: Ավելին՝ շատ զարգացած երկրներում նույնիսկ 100 տոկոսով կոռուպցիան վերացնելու մասին չեն խոսում, քանի որ անիրատեսական է պնդել, թե հնարավոր է մարդկային պատմությունից էլ հին երևույթը հիմնովին արմատախիլ անել:

Ժամանակն է, որ վերջին շրջանի ազդակները դառնան նոր հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հիմք: Եթե հիմա դա չարվի, ապա հաջորդ ազդակները վստահաբար ավելի բացասական են լինելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից