Առողջապահություն 

Լսողության խանգարումները համարվում են բնածին ամենատարածված պաթոլոգիաներից

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 3-ը հայտարարել է Ականջի և լսողության պահպանման համաշխարհային օր։ Այս տարվա խորհուրդն է. «Ստուգիր լսողությունդ»։ ԱՀԿ-ի 2018 թվականի մարտ ամսվա տվյալների համաձայն՝ երկրագնդի բնակիչների 5 %-ից ավելին` 466 միլիոն մարդ, ունի լսողության տարբեր աստիճանի խանգարումներ, որոնցից 7,3 % (34 միլիոն) երեխաներ են:

Լսողության խանգարումները համարվում են բնածին ամենատարածված պաթոլոգիաներից. համաշխարհային վիճակագրության համաձայն՝ 1000 նորածնից 1-2-ն ունի լսողության խանգարում: Որպես հիմնական հետևանք` խոսքի բացակայությունն է կամ թերզարգացումը, որը հանգեցնում է երեխաների սոցիալականացման և հասարակության մեջ ներառման դժվարությունների, հետևաբար` հաշմանդամության: Նորածնային տարիքում լսողության խանգարումների հայտնաբերումը խիստ կարևոր է, քանի որ մասնագիտական վաղ միջամտությունը նպաստում է այդ երեխաների խոսքի և ընդհանուր զարգացմանը:

Դրան է ուղղված 2008 թվականից մեր երկրում իրականացվող նորածինների լսողության սկրինինգը, որը 2018 թվականի դրությամբ ներդրված է Երևանի 15 և մարզերի 34 բուժհաստատությունում: Ծրագրի մեկնարկից մինչև 2017 թվականը սկրինինգ է կատարվել 147 հազար նորածնի մոտ, որի արդյունքում հայտնաբերվել է լսողության տարբեր խնդիրներով շուրջ 200 երեխա, որոնք, ըստ անհրաժեշտության ստացել են կամ բուժում կամ լսողության սարք:

Մեր գործընկերների` Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ բոլոր ծննդատներն ապահովվել են նորածինների լսողության հետազոտման բավարար քանակի ախտորոշիչ սարքերով: 2019 թվականից Հայաստանում ծնվող բոլոր երեխաները կընդգրկվեն սկրինինգային ծրագրի մեջ և կունենանք շուրջ 100% ծածկույթ:

Նշենք նաև, որ 2004 թվականից Հայաստանում ներդրվել է կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը, որն իրականացվում է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի (AIMF) աջակցությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այն հնարավորություն է տալիս բնածին խլությամբ տառապող հայ մանուկներին լսելու և ընկալելու աշխարհի բոլոր ձայները, ինտեգրվելու հասարակության մեջ` որպես նորմալ զարգացող երեխա: Ծրագրի շրջանակներում վիրահատվել է 100-ից ավելի երեխա և մեծահասակ:

 

Նույն շարքից