Վերլուծական 

Ադրբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ՝ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալը

analitik.am

Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարևոր է մեկ անգամ ևս այդ ֆորմատի տրամաբանությունը ֆիքսել։

Ֆիքսենք մի քանի սկզբունքներ

- Արցախի խնդիրն աշխարհքաղաքական կոնֆլիկտ է։

- Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարհքաղաքական ակումբ է: Հայաստանին և Ադրբեջանին «լուծման» առաջարկություններ անելուց առաջ, նրանք նախ միմյանց հետ են այդ առաջարկությունները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարհքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմյանց հանդեպ վերահսկողություն են իրականացնում, որ որևէ մեկն իր վրա վերմակը չքաշի։

- Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցությունը, այնինչ դա իրականում իրենց թույլ կողմն է։ Որ աշխարհքաղաքական բևեռը Թուրքիայի հետ խնդիր է ունենում, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաև Ադրբեջանի միջոցով։

Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելությունն Իրանում նաև պայմանավորված էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջև առկա հակասություններով։ Բնականաբար, կա նաև Իրանի ադրբեջանցիների խնդիրը, բայց դա մշտական գործոն է։

- Եթե Ադրբեջանի «թուրքական խաղաքարտը» չլիներ, չի բացառվում, որ Ռուսաստանի, ԱՄՆ,Եվրոպայի դիրքորոշումները լինեին ի նպաստ Ադրբեջանի։

- Ռուսաստանի պահով կա նաև ԵԱՏՄ-ում թյուրքական պետությունների գործոնը, որոնք առանձին՝ թյուրքական երկրների համադաշնության տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրույն քաղաքական ֆորմատով են հարաբերվում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նույնպես Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ գործոններից է։

- Ադրբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նույնպես կարևոր է նկատի ունենալ, հասկանալու համար, թե որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակն Արցախի բանակցությունների ժամանակ։

Սրանք մշտական գործոններն են, մնացածն ըստ իրավիճակի պետք է դիտարկվի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից