Գիտություն 

Անցում համընդհանուր ներառական կրթության. հատուկ դպրոցները կդառնան աջակցման կենտրոններ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության  նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հետևյալ հարցերը`  ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի թիվ 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած` համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանով և ժամանակացույցով նախատեսված  Երևան քաղաքում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրման առաջարկության, Երևանում համընդհանուր ներառման անցնելու գործողությունների և ճանապարհային քարտեզի, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ապահովման մասին զեկուցում:

ԿԳ նախարարի տեղակալ  Լուսինե Առաքելյանը ներկայացրել է «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում»  ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմվել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքում:

Ներկայացվել են Երևանի հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմավորման և մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ձևավորման առաջարկությունները: Աջակցության կենտրոնները ստեղծվելու են նախկին հատուկ դպրոցների հենքի վրա, որպես սկզբունք ընդունելով 25 հազար սովորողին մեկ կենտրոն նախնական հաշվարկը: Այս կենտրոնների հիմնական գործառույթը լինելու է սովորողի կարիքի գնահատումը, ըստ անհրաժեշտության կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեխաների համար անհատական ուսումնական պլաններով կրթության կազմակերպումը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշակի խմբերի, մասնավորապես` լսողական, տեսողական, ծանր և խոր մտավոր խնդիրներով սովորողների համար առաջարկվում է հատուկ կրթության համակարգը պահպանել` հատուկ դպրոցներին տալով կանոնադրական նոր գործառույթներ: Միաժամանակ փոխնախարար Լ. Առաքելյանն իր զեկույցում նշել է, որ  Հանրապետական բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից Երևանի հատուկ դպրոցներում իրականացվում է սովորողների սոցիալական գնահատում. 8 հատուկ դպրոցների գնահատման արդյունքներն ամփոփված են, մնացածում դեռ ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Երևանի հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպելու ճանապարհային քարտեզը: Նախատեսվում է ստեղծել  իրազեկման խմբեր, որոնք ՀՀ ԿԳ նախարարի հանձնարությամբ հանդիպումներ կունենան վերակազմակերպվող բոլոր դպրոցների սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ և կներակայցնեն պետության կողմից վարվող քաղաքականության նպատակը, նախատեսվող քայլերն ու դրանցից ածանցվող հարցերի լուծման պետական մոտեցումները:

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավաության 2016 թվականին ընդունված  համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի` 2019 թվականին նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության համակարգ ներդնել Երևանում, Շիրակի և Արագածոտնի մարզերում:

Նույն շարքից