Ռազմական 

Եթե միաժամանակ զորակոչվող եղբայրները ցանկանում են ծառայել նույն զորամասում, վիճակահանությանը կմասնակցի նրանցից միայն մեկը

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Օրինագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչև 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը:

Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել՝ եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին (օրինակ՝ առողջական վիճակ, պատվո պահակային վաշտ, նվագախմբեր և այլն):

Պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաև 2 տարի ժամկետով: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը և կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը:

Հնարավորություն է ընձեռնվում մատչելի և երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրում ընդգրկվել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին:

Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը:

Նույն շարքից