Վերջին տարիներին, ես ամեն տարի առնվազն մեկ շաբաթ անցկացնում եմ Չինաստանում, հանդիպելով խոշոր արդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ դրանց զարգացման տարբեր խնդիրների շուրջ։ Այս շաբաթ ես ևս այնտեղ էի, սկսելով իմ ճանապարհորդությունը Պեկինից, այցելելով Շանդոնգ և Ջինքցու նահանգները, և ավարտելով այն Շանխայում։ Գործերի մասին չեմ խոսի, բայց կուզեի ձեզ հետ կիսվել երկրի և մարդկանց մասին որոշ տպավորություններով։
Սրանից դեռևս 10-12 տարի առաջ, Չինաստանում բարեկեցության միջին մակարդակը չէր գերազանցում Հայաստանի մակարդակը։ Սակայն տառացիորեն այդ տարիների ընթացքում, Չինաստանը հսկայական ցատկ է կատարել, և այսօր իր միջին բարեկեցության մակարդակով համարյա կրկնակի առաջ է անցել մեզնից։
Ամեն տարի, գալով Չինաստան, կարելի է հսկայական նոր փոփոխություններ տեսնել, և զարմանալ, թե ինչ արագությամբ է այդ երկիրը զարգանում։
Ես Պեկինից Շանխայ ընկած 1200 կմ ճանապարհը անցա արագընթաց գնացքով, որը նույնիսկ միջանկյալ բոլոր խոշոր քաղաքներում կանգելով, այդ ճանապարհը անցնում է ընդամենը 6 ժամում, հասնելով մինչև 350 կմ/ժ արագության արագ հատվածներում։ Առաջին արագընթաց գնացքը Չինաստանում գործարկվել է 2007 թ, իսկ այսօր ընդհանուր գծերի երկարությունը կազմում է արդեն 29000 կմ, կապելով իրար հետ 550 քաղաք, Չինաստանում է գտնվում ամբողջ աշխարհի արագընթաց գնացքների երկու երրորդը՝ և սա տեղի է ունեցել ընդամենը 11 տարվա ընթացքում։ Համեմատության համար, Հայաստանում նույն ժամանակում սարքվել է Հյուսիս-հարավ ճանապարհի ոչ մեծ հատվածը, այն էլ բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներով և որակի խնդիրներով։
Ամբողջ ճանապարհի երկայնքով, կառուցված են նոր քաղաքներ՝ բարեկարգ, լայն և ուղիղ ճանապարհներով, մեծ հանրային այգիներով և ժամանակակից ենթակառուցվածքներով, հանրային կարևոր շենքերի ճարտարապետությունը աչք է զարնում իր ֆուտուրիստական լուծումներով։ Այս քաղաքներից շատերում ավելի շատ մարդ է ապրում, քան ողջ Հայաստանում միասին վերցված, սակայն նրանք տառացիորեն կառուցվել են երկու տասնամյակի արդյունքում։ Շանխայը, որն իմ ճանապարհորդության վերջնակետն էր, այսօր դարձել է աշխարհի խոշորագույն քաղաքը, մոտ 30 մլն բնակչությամբ, և նաև աշխարհի խոշորագույն նավահանգիստն ու տուրիստական կենտրոնն է։ Համեմատության համար, մենք այդ ընթացքում հիմնավորապես այլանդակել ենք Երևանը, և ոչ մի նոր քաղաք չենք կառուցել, Գյումրիում և Դիլիջանում սկսած ծրագրերն էլ կիսատ են թողել։
Չինաստանի արդյունաբերական ընկերությունները մեկ այլ զարմանք են։ Ընկերությունները, որոնք ես այցելել եմ, հիմնադրվել են բոլորը 20-30 տարի առաջ, հիմնադիրների առաջին սերունդը հիմա էլ շարունակում է դրանք ղեկավարել։ Սկսել ենք գործը մի քանի հարյուր հազար դոլարի համարժեք կապիտալից, այսօր ոչ միայն արժեն տասնյակ միլիարդներ, այլև իրենց տեխնոլոգիական հագեցվածությամբ և կառավարչական հմտություններով, ընդհուպ սկսել են մոտենալ եվրոպական ընկերություններին։ Դրանով հանդերձ, բոլոր ղեկավարները, որոնց հետ ես շփվել եմ այս տարիներին, ինձ զարմացրել են իրենց համեստությամբ, խոհեմությամբ և դիմացին լսելու ունակությամբ։ Համեմատության համար, մեզ մոտ չի ստեղծվել և ոչ մի արդյունաբերական ընկերություն, որի շրջանառությունը գոնե մոտենա կես միլիարդ դոլարի։
Ամեն անգամ Չինաստան գալուց, ես ինձ հարց եմ տալիս՝ ինչն է թույլ տալիս այս երկրին այսպիսի սրընթաց արագությամբ զարգանալ։ Այն թեև ունի բավական մեծ բնական ռեսուրսներ, քանի որ խիտ բնակեցված երկիր է, մեկ շնչի հաշվով այդ ռեսուրսները այդքան մեծ չեն, և չեն կարող բացատրել այս դինամիկան։ Ռուսաստանը մեկ շնչի հաշվով ունի շատ ավելի մեծ ռեսուրսներ, բայց զարգացման արագությամբ անհամեմատ զիջում է Չինաստանին։ Չինաստանը ունի հսկայական ներքին շուկա, որը կարևոր առավելություն է, բայց այնպիսի երկրները, ինչպիսին են Հնդկաստանը, Բրազիլիան և Ինդոնեզիան, ևս ունեն հսկայական ներքին շուկա, սակայն Չինաստանին առնվազն կրկնակի զիջում են իրենց զարգացման տեմպերում։
Իմ բոլոր դիտարկումները և շփումները ինձ բերում եմ այն համոզման, որ Չինաստանի սրընթաց զարգացման գաղտնիքը բացատրվում է երկու կարևորագույն գործոնով՝ ժողովրդի աշխատասիրությամբ և պետական կառավարման համակարգի արդյունավետությամբ։
Չինացի ժողովուրդը, մեզ հետ համեմատ, ավելի լավ չի կրթված, մեր չափ արվեստներ ու արհեստներ չգիտի, ֆիզիկապես մեզնից առողջ չի, բացի չինարենից, ուրիշ ոչ մի լեզվի չի տիրապետում, և մեծ մասամբ, չի տիրապետում նաև իր հազարամյակների պատմությանը։ Սակայն այն կարգապահ է և աշխատասեր, և նաև աչքի է ընկնում պետության նկատմամբ հարգանքով և օրինապահությամբ։ Չինացիների մի ամբողջ սերունդ, թևերը քշտած, աշխատել է օրնիբուն վերջին տասնամյակների ընթացքում, որպեսզի երկիրը և սեփական ընտանիքը դուրս բերի աղքատությունից, բարձրանա աշխարհի հզորների մակարդակին, և այսօր էլ վստահ նայի սեփական ապագային։
Չինական պետությունը, ի տարբերություն մեզ, չի փորձել երբեք զբաղվել "ժողովրդավարության" իմիտացիայով, տաս տարին մեկ սահմանադրություն չի փոխել, չի փորձել երբեք սիրաշահել արևմտյան գործընկերներին։ Այն միակուսակցական կոշտ համակարգ է, որը ըստ անհրաժեշտության, նաև ուժ է կիրառել երկրի ներսում։ Սակայն այն հստակ պատկերացնում է իր ազգային շահը, զարգացրել է ռազմավարական կառավարման ֆանտաստիկ կարողություններ, պլանավորում է սեփական երկրի ապագան առնվազն 20 տարվա հեռանկարով, ապահովում է երկրում կայունություն և ներդրողների համար կանխատեսելի միջավայր, կոշտ պայքարում է կոռուպցիայի դեմ, և կարողացել է ստեղծել կապիտալիզմի և սոցիալիզմի զարմանալի մի հիբրիդ, որը մի կողմից բերել է արագ տնտեսական աճի, իսկ մյուս կողմից՝ աղքատության հաղթահարման։
Մենք Չինաստան չենք դառնա, մեր ժողովուրդ էլ՝ չինացի։ Սակայն Չինաստանի և իր պես արագ զարգացում արձանագրած այլ երկրների փորձը բազմաթիվ օգտակար դասեր ունի մեզ համար, որոնք յուրացնելը հաստատ վնաս չի։ Ձեզնից ովքեր որ եղել են Չինաստանում, շատ բան տեսել են սեփական աչքով, և կարող են իմ գրածին ավելացնել սեփական դիտարկումները։ Ովքեր դեռ չեն եղել, խորհուրդ եմ տալիս այցելել՝ այդ երկիրը շատ բան կփոխի ձեր պատկերացումներում, և նաև բազմաթիվ նոր հնարավորություններ կբացի ձեր առաջ։ Այդքանով ցանկանում եմ ձեզ լավ հանգստյան օրեր, և կիսվում եմ ճանապարհորդությանս մասին պատմող մի փոքրիկ պատկերաշարով։