Վերլուծական 

Երբ ԱԺ-ում հայտնվեցին Կոմբիկերի Վլադի նման կերպարները, պարզ դարձավ, որ մեր երկրում «վայրի կապիտալիզմը» վերջնականապես հաղթել է

analitik.am

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

«Այն, ինչի մասին «Առավոտը» գրում էր ավելի քան 20 տարի, վերջապես բարձրաձայնվեց Ազգային ժողովի նախագահի կողմից՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտարարությամբ: Քաղաքականության եւ բիզնեսի այն համակցումը, որը Հայաստանում գոյություն ունի 1995 թվականից, անընդունելի է օրենքի եւ էթիկայի նորմերի տեսանկյունից: (Ամբողջությամբ դրանից խուսափել հնարավոր չէ ոչ մի երկրում, բայց քաղաքակիրթ աշխարհում դրա համար գործում են հատուկ կարգավորումներ):

Այն պահից, երբ Հայաստանի առաջին գումարման ԱԺ-ում հայտնվեցին Կոմբիկերի Վլադի կամ Կարամելի Հարութի նման կերպարներ, պարզ դարձավ, որ մեր երկրում «վայրի կապիտալիզմը» վերջնականապես հաղթել է, եւ պատգամավորները, «փող թափելով», գալիս են խորհրդարան ոչ թե ընտրողների, քաղաքացիների, այլ իրենց սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու: (Ի դեպ, նույն վիճակն էր 1920-ականների ԱՄՆ կոնգրեսում): Որպես կանոն, նման պատգամավորները չափազանց պասիվ են զուտ օրենսդրական աշխատանքում, շատերի կրթությունն էլ թույլ չի տալիս հասկանալու, թե որն է այս կամ այն օրինագծի իմաստը: Բայց փոխարենը նրանք չափազանց ակտիվ են, երբ խոսքը գնում է իրենց բիզնես շահերի մասին:

2018 թվականի հեղափոխությունից հետո պատգամավորական այդ «ուղղության» ամենացայտուն ներկայացուցիչը մնաց Գագիկ Ծառուկյանը: Եկեք անաչառ լինենք այս եւ մնացած գործարարների գնահատականը տալիս: Ես վստահ եմ, որ խոշոր գործարար լինելու համար, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների դեպքում, որոշակի տաղանդ է պետք: Այո, Ծառուկյանը սկզբնական շրջանում հարստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հանգուցյալ եղբոր շնորհիվ, բայց, եթե նույն արտոնությունները տային, օրինակ ինձ, ես, միեւնույն է, չէի հարստանա, որովհետեւ այդ բնագավառում ընդունակություններ չունեմ: Ծառուկյանն իսկապես շատ մարդկանց է օգնել, նպաստել է Հայաստանում մի քանի սպորտաձեւերի զարգացմանը՝ մանավանդ այն տարիներին, երբ նույն երկրորդ նախագահը հատուկ հետաքրքրություն էր դրսեւորում սպորտի հանդեպ:

«Երկրի դրվածքը» ստիպեց նրան մտնել խորհրդարան սկզբից անհատապես, իսկ այնուհետեւ՝ հատուկ դրա համար ստեղծված կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ՝ իր բիզնեսների համար վստահելի տանիք ապահովելու համար: Նույն ձեւով են վարվել մի քանի տասնյակ այլ գործարարներ՝ սկսած, կրկնեմ, 1995 թվականից»:

Նույն շարքից