Ռազմական 

Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է մենք պատերազմական վիճակում ենք․ Փաշինյան

analitik.am

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ շատ թե քիչ, նշանակում է մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակում ենք։ Ընդհանուր առմամբ այո, վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում, բայց ես ուզում եմ ասել, որ կայունությունը և հանդարտությունը, որը կար պահպանվում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ռազմական որոշ փորձագետներ և վերլուծաբաններ վերջին շրջանում կարծում են, որ Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։

Վարչապետը նշեց, որ հաղորդակցության ուղիներ է հաստատված իր և Ադրբեջանի նախագահի միջև, և այս շրջանում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում․ «Մենք ինֆորմացիաներ և մտահոգություններ ենք փոխանակում, այդտեղ իհարկե կան փոխադարձ մեղադրանքներ, բայց ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում։ Եվ ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Վերադառնալով հարցին, Փաշինյանը նշեց նաև, որ քանի դեռ հարցը կարգավորված չի, ոչինչ չի փոխվելու․ «Սա նշանակում է, որ այս ինֆորմացիան բոլորս, այդ թվում նաև ես, ՀՀ Պաշտպանության նախարարությունն ընդունում է ի գիտություն։ Մենք նաև կարծում ենք, որ Վիեննայի հայտարարությանը բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան, և այնտեղ մենք արձանագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, արդյո՞ք կողմերից որևէ մեկը տվել է հրաման ապակայունացնելու իրավիճակը, եթե ոչ, ապա ինչու է ապակայունանում իրավիճակը։ Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, այլ որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում։ Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություն կա, դեպքեր են արձանագրվում, փոխադարձ մեղադրանքներ կան, բայց մենք պետք է աշխատանքային կարգով փորձենք հակսանալ։ Հիմա, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել, և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,-ասաց Փաշինյանը։

Նույն շարքից