Վերլուծական 

Պատմական շաբաթ. Դատավարությունը մեկնարկում է

analitik.am

Առաջին լրատվականը գրում է.

«Այսօր թերևս ունենալու ենք էպիկական մեկնարկ: Բանն այն է, որ այսօր՝ մայիսի 13-ին, նշանակված է մարտիմեկյան հայտնի գործի դատավարության մեկնարկը: Ինչպես հայտնի է, մեղադրյալներն են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը: Ռոբերտ Քոչարյանը միակն է նրանցից, որի խափանման միջոց է ընտրված կալանքը:

Ինչու է դատավարությունը էպիկական: Որովհետև այն գործնականում լինելու է մարտիմեկյան միայն դե յուրե, սակայն դե ֆակտո այն, մեծ հաշվով, նախկին իշխող համակարգի ամբողջական դատավարությունն է, որում ներգրավված են լինելու նախկին երեք նախագահներն ու նրանց պաշտոնավարման ընթացքում կամ նրանց շրջապատում առանցքային դեր ունեցող տարբեր անձինք: Այլ կերպ ասած՝ մենք տեսնելու ենք հին Հայաստանի գործի դատավարությունը: Սա, մեծ հաշվով, աննախադեպ իրավիճակ է, համենայն դեպս՝ Հայաստանի համար:

Այս օրերին հաճախ է խոսվում լյուստրացիայի թեմայով: Խոշոր հաշվով, դատավարությունը ո՛չ դե յուրե, սակայն դե ֆակտո շոշափելիորեն կատարելու է լյուստրացիոն գործառույթ, և հանրությունը դրա ընթացքում թերևս շոշափելիորեն մի զգալի մասով արձանագրելու և պարզելու է իր համար, թե ով ով է եղել այս անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում, ինչով է զբաղվել, ինչ իրական դեր է ունեցել ներքաղաքական և պետական զարգացումներում: Համենայն դեպս, ակնառու է, որ այդ մասշտաբին և ծավալին չհասնելու դեպքում թե՛ գործն իրականում չի կարող հասնել իր բուն իրավա-քաղաքական նպատակին, թե՛ նաև հանրությունը չի կարող հասնել իր մի շարք նպատակների, քանի որ անընդհատ բախվելու է տարաբնույթ մանիպուլյացիոն արգելակների, որոնք առնվազն դանդաղեցնելու են ընթացքը:

Մեկնարկելիք դատավարությունը պետք է լինի յուրօրինակ լյուստրացիոն գործընթաց, որը հանրությանը պետք է ազատի մանիպուլյատիվ հնարքների մի հսկա պաշարից, որ տնօրինում են նախկին համակարգի ամենատարբեր թևեր: Միաժամանակ, այստեղ առկա է, իհարկե, հարցը, հավերժական հարցը՝ իսկ դատավորներն ովքե՞ր են: Եվ այդ թեմայով արդեն իսկ առկա են որոշակի մանիպուլյատիվ հնարքներ դատավարության մեկնարկին ընդառաջ, որոնցում բաց կամ լատենտ տողատակով ընթանում է դատավարության անվստահության հարցը, դատական համակարգի, այսպես ասած, անկարողության հարցը՝ քննել այդ մասշտաբի գործեր:

Այն, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ խնդիրներ ունի, անկասկած է, բայց ուրեմն ի՞նչ՝ այդ համակարգում լուրջ գործ չպե՞տք է քննվի: Իսկ որո՞նք են անլուրջ գործերը: Հայաստանում չեղյա՞լ հայտարարվի դատական համակարգը: Մինչև ե՞րբ: Նորը լուսնի՞ց է իջնելու, ինչ անունով էլ որ իջեցնենք»:

Ավելին՝ Առաջին լրատվական

Նույն շարքից