Արցախը ո՛չ հեղափոխական և ո՛չ էլ հակահեղափոխական կենտրոն է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք մեկ հայրենիք ենք, բայց երկու պետական կառույց ենք։ Հետևաբար, յուրաքանչյուր պետական կառույց ունի իր քաղաքական համակարգը և իր քաղաքական համակարգում գործող ուժերը։ Արցախի ո՛չ ժողովուրդը և ո՛չ էլ իշխանությունը նպատակ չունեն միջամտելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։
Նույն տեսլականը, համոզված եմ, ունեն Հայաստանի Հանրապետությունը և պաշտոնական Երևանը։ Հետևաբար, միգուցե սա է, որ որևէ ձևով անընդունելի է նաև Արցախի համար որևէ միջամտություն, առավել ևս՝ իրավիճակի ապակայունացում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում ամուր հասարակություն, գիտենք, որ եթե խարխլվի մեր միասնականությունը, խարխլվի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, սա միմիայն օգուտ է լինելու մեր հակառակորդին, սա կարող է բերել վատ հետևանքների։
Օրինակ՝ պատկերացնենք ինչ-որ միջամտություն է տեղի ունենում։ Սա շատ վատ է ընկալվելու հասարակությունների կողմից։ Ղարաբաղցի-հայաստանցի սրումը, որն ընդհանրապես մեզ պետք չէ, մեր միասնականությունը կխարխլի, Արցախը ինչո՞ւ պետք է միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Կան ընտրություններ, իշխանությունը հինգ տարին մեկ փոխելու իրավիճակ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է որոշեն։
Արցախի դեպքում մի փոքր բարդ է, քանի որ եթե այստեղ լինի միջամտություն, Ադրբեջանը պետք է ասի՝ դուք պետություն այդպես էլ չեք դարձել, դրսից են փոխում ձեր իշխանությունը։ Սա մեզ պե՞տք է... իհարկե ո՛չ։ Սա հարված է լինելու և՛ Հայաստանի պետականությանը, եթե Արցախը միջամտի, և՛ հակառակը՝ եթե Հայաստանը միջամտի, Արցախի պետականությանը և վարկանիշին հարված է լինելու։