Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեց Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին:
Նորին Սրբության շքախմբի մեջ էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էր ԱՄԷ-ի և Քաթարի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն):
Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շարժայի կառավարիչ Շեյխ դոկտ. Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի հետ:
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց Շեյխ Ալ Քասիմիին Շարժայի տեղեկատվական պետական խորհրդի կողմից ուղարկված հրավերի համար, ինչպես նաև կարևորեց հանդուրժողականության և խաղաղ համակեցության, կրոնական–մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ Շարժայի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։
Մայիսի 20-ի երեկոյան Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի հովանու ներքո գործող Մամուլի ակումբում Նորին Սրբությունը հանդես եկավ հատուկ բանախոսությամբ` ներկայացնելով հանդուրժողականության և խաղաղ համակեցության ընկալումները՝ հիմնված քրիստոնեական վարդապետության և հայ ժողովրդի հոգևոր-ազգային փորձառության վրա:
Ողջունելով Արաբական Միացյալ էմիրությունների հիմնադիր հայր ու նշանավոր քաղաքական գործիչ Շեյխ Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանի տեսլականով, իբրև երկրի առաջընթացի երաշխիք, կերտվող հանդուրժողականության և խաղաղ համակեցության ստեղծարար ուղին, նաև մարդկության կյանքում խաղաղության ու հաճության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված մարդասիրական ջանքերն ու նախաձեռնությունները` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ նախագահ, Նորին Գերազանցություն Խալիֆ բին Զայիդ Ալ Նահյանին և Շարժայի Էմիրության կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, ինչպես նաև Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան բին Ահմեդ Ալ Քասիմիին կարևոր այս նիստին մասնակցելու հրավերի համար:
«Հայ ժողովուրդը, իր պատմության մեջ շատ փորձություններ, տառապանք, ու ցեղասպանություն է տեսել, և վշտահար հոգու աղոթքով հաճախ է խաղաղություն հայցել երկնքից՝ հայացքն ուղղելով դեպի բիբլիական Արարատ սրբազան լեռը, որը խորհրդանիշ է ջրհեղեղից հետո մարդկության նոր կյանքի վերընձյուղման և խաղաղության ավետիսի կենսագործման:
Դարերի հոլովույթում արձանագրված փորձառությունը վկայում է, որ հեշտընթաց չեն հանդուրժողականության ճանապարհները, բայց միշտ` հնարավոր, եթե ճշմարտապես ունենք իրար սիրելու և համերաշխ համակեցության բարի ձգտումը: Աստված մեկ արյունից է ստեղծել մարդկանց, բոլոր ազգերին. այս հաստատումն է անում Սուրբ Գիրքը` մատնանշելով եղբայրասիրության համամարդկային արժեքը (Գործք ԺԷ 26): Մարդկային յուրաքանչյուր էակի հանդեպ Աստծո սերն անխտիր է:
Անհնար է հավատալ ու փառաբանել Աստծուն` առանց մարդու կյանքի, նրա աստվածաստեղծ պատկերի ու հիմնարար արժեքների հանդեպ նվիրական զգացումի: Մարդկանց համար հավասար իրավունքների ապահովումը, հետևաբար, նշանակում է հաստատել Աստծո արարչության մեծագործությունն ու կատարելությունը:
Հանդուրժողականությունը, միաստվածյան կրոնների բարոյական տեսանկյունից, մարդ անհատի մեջ աստվածային պատկերի ու նմանության ներկայությունը տեսնելն ու դրանով իսկ Աստծուն վկայելն է, մարդկային մեծ ընտանիքի մեջ մեր նմանի հետ մշտական երկխոսությունն է, ստորակարգման բացառումը, ազատության իրավաչափ սահմանումը: Քրիստոնեական մտածողության մեջ, դեռևս Դ դարից սկսյալ, այս մոտեցումը սահմանվել է «միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս, եւ սէր յամենայնի» գաղափարական ընկալումով, որը բոլոր դարերում առաջնորդող է եղել Հայոց Եկեղեցու համար։ Հանդուրժողականությունն ըստ այսմ ներկայացվում է համամարդկային խնդիրների առջև համընդհանուր ջանքերի մեկտեղման և համագործակցության դրսևորմամբ՝ եղբայրասիրությամբ պահպանելով այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով օժտված են ազգերն ու ժողովուրդները։
Հատկանշական է, որ Հանդուրժողականության տարվա խորհրդանշաններից են իրար միացված ու բացված, դեպի դուրս ուղղված ափերը: Այսպես է նաև հանդուրժողականության դեպքում. եթե նրան միացած չեն աստվածայինի հանդեպ նվիրական հավատը, մարդու կյանքի գերագույն արժեքի գիտակցումն ու ազատության սրբազան սկզբունքը, օտարի հանդեպ սերն ու եղբայրությունը, այն չի բացվում ու ծավալվում` աշխարհում տարածվելով իբրև միասին ապրելու և խաղաղ գոյակցելու աստվածային պատգամից բխող հրավեր:
Արդի ժամանակների ընթացքների փոխշաղկապվածության մեջ իրական է դառնում այն պնդումը, թե Երկիր մոլորակը փոքրանում է. նրա ամեն անկյունում տեղ գտնող որևէ մտահոգիչ իրադարձություն դառնում է համընդհանուր լուծման ու ջանքերի կարոտ երևույթ` բարեկարգելու, միասնաբար խնամելու, խաղաղությամբ ու բարօրությամբ զարդարելու մեր ընդհանուր տունը: Ժամանակները փոփոխվել և փոփոխվելու են, շարունակ աճելու են մարդու գիտելիքներն ու հնարավորությունները, բայց միշտ արդիական է անհրաժեշտությունը, որ հասարակական գիտակցության մեջ գերակա լինի հանդուրժողականության հոգևոր-բարոյական ակունքը:
Հավատքն ու բարոյականության ընկալումը Ամենակալը դրել է մարդկանց մեջ` իբրև յուրահատուկ հնարավորություն Իրեն նմանվելու: Մենք բոլորս Տիրոջ կերտած տանն ենք ապրում, և գործակիցներն ենք Արարչի», - նշեց Հայոց Հովվապետը` հավելելով, որ, լինելով տարբեր ժողովուրդներ, տարբեր մարդիկ, Աստծո զավակներ են ամենքը` կոչված միմյանց կյանքում առատացնելու հոգևոր պտուղները եղբայրասիրության, խաղաղության, փոխըմբռնումի ու համագործակցության:
Գարեգին Բ. Վեհափառն ընդգծեց, որ հանդուրժողականության, փոխըմբռնման ու համագործակցության զորացման ուղղությամբ մարդկության անժխտելի ձեռքբերումներով հանդերձ 21-րդ դարում մեր հասարակությունները բախվում են նորանոր մարտահրավերների` դրանցից հատկապես առանձնացնելով հակամարտություններն ու տարաձայնությունները կրոնական լույսի ներքո ներկայացնելու վտանգավոր միտումը: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր ու հրամայական նկատեց միջազգային, միջկրոնական-միջմշակութային երկխոսությունների հարթակներում, կրթության ոլորտում, զանգվածային լրատվամիջոցներով հանդուրժողականության ճիշտ մեկնաբանությունն ու մատուցումը:
«Հանդուրժողականության բացակայության, այլև դրա խտրական դրսևորումների պատճառով է, որ մարդկության պատմության մեջ տեղի են ունեցել ողբերգություններ, պատերազմներ ու ցեղասպանություններ, և այսօր էլ հաճախ ականատես ենք դառնում ռասսայական, կրոնական և մշակութային եղեռնագործությունների: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքին բազմիցս բախվել է անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումներին, որոնցից ամենասարսափելին 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության մեջ իրականացված Հայոց ցեղասպանությունն էր, որն ուղեկցվեց նաև մշակութային ցեղասպանությամբ:
Նույն քաղաքականությամբ 20-րդ դարավերջին, երբ հայ ժողովուրդը Ղարաբաղի պատմական իր հողի վրա անկախության հաստատումով հռչակեց ազատ ապրելու իր իրավունքը, Ադրբեջանի կողմից իրագործվեցին հայերի զանգվածային տեղահանություններ ու ջարդեր: Անհանդուրժողականության և ատելության հետևանքը եղավ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան հազարավոր խաչքարերի և հայ քրիստոնեական մշակույթի եզակի արժեքների ոչնչացումը: Այսօր սահմանային բախումների հետևանքով տակավին անմեղ կյանքեր են զոհվում», - ասաց Նորին Սրբությունը` անդրադառնալով նաև կայուն խաղաղության վերահաստատման, ժողովուրդների միջև փոխըմբռնման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման բարի նպատակին ի նպաստ՝ միջազգային ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդական ջանքերով հոգևոր առաջնորդների հանդիպումներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր երկկողմ հարաբերությունները հարուստ են հանդուրժողականության և եղբայրասիրության ազնիվ դրսևորումներով:
«Հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո հարյուր հազարավոր հայ գաղթականներ իրենց ապահով հանգրվանը գտան արաբական աշխարհի հյուրընկալ երկրներում` ձևավորելով խաղաղ համակեցության ու համագործակցության իրական և կենսական օրինակ: Այդպիսի վկայություններով են զարդարված նաև Շարժայում հայ և արաբ ժողովուրդների զավակների կյանքը, միասնական մասնակցությունը երկրի առաջընթացին, եղբայրական բարի հարաբերությունները: Մենք Մեր ժողովրդի զավակների երախտագիտությունն ենք վերստին հայտնում Արաբական Միացյալ Էմիրությունների մեծարգո նախագահին և Շարժայի Էմիրության կառավարչին Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, որ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ոգով և ամենայն բարյացակամությամբ զորակցություն են բերում տեղի քրիստոնեական համայնքներին: Առանձնակիորեն ցանկանում ենք անդրադառնալ, որ Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիի մարդասիրական մեծահոգի վերաբերմունքի շնորհիվ Շարժայի հայ համայնքն ունեցավ նաև իր աղոթավայրը՝ կազմակերպելու համար ազգային-հոգևոր իր կյանքը: Գոհունակությամբ ու շնորհակալությամբ ենք հիշում դեռևս 2006 թվականին Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի կողմից Հայաստան կատարված այցի շրջանակներում առնված աստվածահաճո որոշումը` վերակառուցելու Հայաստանի նշանավոր վանական համալիրներից Հաղարծնի վանքը` իբրև հանդուրժողականության և կրոնական-մշակութային արժեքների հանդեպ բացառիկ վերաբերմունքի օրինակելի դրսևորում: Մեր աղոթքներն ու գնահատանքն ենք բերում Նորին Գերազանցությանը մարդասիրության և բարեկամության իր ազնիվ ոգու համար:
Հայ ժողովրդի զավակները, սփռված աշխարհով մեկ, ապրելով տարբեր միջավայրերում, հավատարիմ են մնացել եղբայրասիրության ու օտարասիրության աստվածային պատգամին` մշտապես հարգելով մյուս ժողովուրդների կրոնական, մշակութային, կենցաղային ավանդույթներն ու սովորույթները, և իրենց կարևոր նպաստն են բերում բարի առաջընթացին հյուրընկալ երկրների, որոնց ազնիվ և օրինապահ քաղաքացիներն են: Ասվածի լավագույն վկայությունն են ինչպես Շարժայում, այնպես և արաբական, մահմեդական երկրներում դարեր ի վեր եղբայրասիրության մեջ ապրող հայ համայնքները: Համերաշխության ու խաղաղ համակեցության վկայություն են նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում գործող Կապույտ մզկիթը, կրոնական տարբեր հարանվանությունները, որոնք ապրում են Հայաստանում՝ պահպանելով ու արդյունավորելով իրենց հոգևոր-ազգային կյանքը», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Վերջում իր գնահատանքը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և ողջունելով Հանդուրժողականության տարվա շրջանակներում կրոնների ու մշակույթների, ժողովուրդների ու քաղաքակրթությունների միջև երկխոսության խթանմանը, փոխըմբռնման ու համագործակցության ոգու ամրապնդմանը ծառայող քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալից, որ հանդուրժողականությունը աշխարհում առատ պտուղներ բերի և մարդկության կյանքը զարդարի սիրո, խաղաղության ու ստեղծարար ընթացքի բարի արգասիքներով:
Բանախոսությունից հետո Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին ու քննարկման արդյունքում առաջացած հարցադրումներին։
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ԱՄԷ-ում հանդէս եկաւ հանդուրժողականութեան մասին բանախօսութեամբ
Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատուական խորհրդի ընդհանուր նախագահ Շէյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրաւէրով, մեկնեց Շարժայ՝ մասնակցելու 2019 թուականն իբրեւ ԱՄԷ-ում Հանդուրժողականութեան տարի հռչակման առիթով կազմակերպուած խորհրդի կրօնական նիստին:
Նորին Սրբութեան շքախմբի մէջ էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էր ԱՄԷ-ի եւ Քաթարի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Սարգսեանը (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն):
Նոյն օրը Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Շարժայի կառավարիչ Շէյխ դոկտ. Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի հետ:
Վեհափառ Հայրապետն իր գոհունակութիւնը եւ շնորհակալութիւնը յայտնեց Շէյխ Ալ Քասիմիին Շարժայի տեղեկատուական պետական խորհրդի կողմից ուղարկուած հրաւէրի համար, ինչպէս նաեւ կարեւորեց հանդուրժողականութեան եւ խաղաղ համակեցութեան, կրօնական–մշակութային արժէքների պահպանման ու վերականգնման ուղղութեամբ Շարժայի կառավարութեան կողմից ձեռնարկուող քայլերը։
Մայիսի 20-ի երեկոյեան Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Շարժայի պետական տեղեկատուական խորհրդի հովանու ներքոյ գործող Մամուլի ակումբում Նորին Սրբութիւնը հանդէս եկաւ յատուկ բանախօսութեամբ` ներկայացնելով հանդուրժողականութեան եւ խաղաղ համակեցութեան ընկալումները՝ հիմնուած քրիստոնէական վարդապետութեան եւ հայ ժողովրդի հոգեւոր-ազգային փորձառութեան վրայ:
Ողջունելով Արաբական Միացեալ էմիրութիւնների հիմնադիր հայր ու նշանաւոր քաղաքական գործիչ Շէյխ Զայիդ բին Սուլթան Ալ Նահեանի տեսլականով, իբրեւ երկրի առաջընթացի երաշխիք, կերտուող հանդուրժողականութեան եւ խաղաղ համակեցութեան ստեղծարար ուղին, նաեւ մարդկութեան կեանքում խաղաղութեան ու հաճութեան հաստատմանն ու ամրապնդմանն ուղղուած մարդասիրական ջանքերն ու նախաձեռնութիւնները` Վեհափառ Հայրապետը շնորհակալութիւն յայտնեց ԱՄԷ նախագահ, Նորին Գերազանցութիւն Խալիֆ բին Զայիդ Ալ Նահեանին եւ Շարժայի Էմիրութեան կառավարիչ Նորին Գերազանցութիւն Շէյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, ինչպէս նաեւ Շարժայի պետական տեղեկատուական խորհրդի ընդհանուր նախագահ Շէյխ Սուլթան բին Ահմեդ Ալ Քասիմիին կարեւոր այս նիստին մասնակցելու հրաւէրի համար:
«Հայ ժողովուրդը, իր պատմութեան մէջ շատ փորձութիւններ, տառապանք, ու ցեղասպանութիւն է տեսել, եւ վշտահար հոգու աղօթքով յաճախ է խաղաղութիւն հայցել երկնքից՝ հայեացքն ուղղելով դէպի բիբլիական Արարատ սրբազան լեռը, որը խորհրդանիշ է ջրհեղեղից յետոյ մարդկութեան նոր կեանքի վերընձիւղման եւ խաղաղութեան աւետիսի կենսագործման:
Դարերի հոլովոյթում արձանագրուած փորձառութիւնը վկայում է, որ հեշտընթաց չեն հանդուրժողականութեան ճանապարհները, բայց միշտ` հնարաւոր, եթէ ճշմարտապէս ունենք իրար սիրելու եւ համերաշխ համակեցութեան բարի ձգտումը: Աստուած մէկ արիւնից է ստեղծել մարդկանց, բոլոր ազգերին. այս հաստատումն է անում Սուրբ Գիրքը` մատնանշելով եղբայրասիրութեան համամարդկային արժէքը (Գործք ԺԷ 26): Մարդկային իւրաքանչիւր էակի հանդէպ Աստծոյ սէրն անխտիր է:
Անհնար է հաւատալ ու փառաբանել Աստծուն` առանց մարդու կեանքի, նրա աստուածաստեղծ պատկերի ու հիմնարար արժէքների հանդէպ նուիրական զգացումի: Մարդկանց համար հաւասար իրաւունքների ապահովումը, հետեւաբար, նշանակում է հաստատել Աստծոյ արարչութեան մեծագործութիւնն ու կատարելութիւնը:
Հանդուրժողականութիւնը, միաստուածեան կրօնների բարոյական տեսանկիւնից, մարդ անհատի մէջ աստուածային պատկերի ու նմանութեան ներկայութիւնը տեսնելն ու դրանով իսկ Աստծուն վկայելն է, մարդկային մեծ ընտանիքի մէջ մեր նմանի հետ մշտական երկխօսութիւնն է, ստորակարգման բացառումը, ազատութեան իրաւաչափ սահմանումը: Քրիստոնէական մտածողութեան մէջ, դեռեւս Դ դարից սկսեալ, այս մօտեցումը սահմանուել է «միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս, եւ սէր յամենայնի» գաղափարական ընկալումով, որը բոլոր դարերում առաջնորդող է եղել Հայոց Եկեղեցու համար։ Հանդուրժողականութիւնն ըստ այսմ ներկայացւում է համամարդկային խնդիրների առջեւ համընդհանուր ջանքերի մէկտեղման եւ համագործակցութեան դրսեւորմամբ՝ եղբայրասիրութեամբ պահպանելով այն բոլոր առանձնայատկութիւնները, որոնցով օժտուած են ազգերն ու ժողովուրդները։
Յատկանշական է, որ Հանդուրժողականութեան տարուայ խորհրդանշաններից են իրար միացուած ու բացուած, դէպի դուրս ուղղուած ափերը: Այսպէս է նաեւ հանդուրժողականութեան դէպքում. եթէ նրան միացած չեն աստուածայինի հանդէպ նուիրական հաւատը, մարդու կեանքի գերագոյն արժէքի գիտակցումն ու ազատութեան սրբազան սկզբունքը, օտարի հանդէպ սէրն ու եղբայրութիւնը, այն չի բացւում ու ծաւալւում` աշխարհում տարածուելով իբրեւ միասին ապրելու եւ խաղաղ գոյակցելու աստուածային պատգամից բխող հրաւէր:
Արդի ժամանակների ընթացքների փոխշաղկապուածութեան մէջ իրական է դառնում այն պնդումը, թէ Երկիր մոլորակը փոքրանում է. նրա ամէն անկիւնում տեղ գտնող որեւէ մտահոգիչ իրադարձութիւն դառնում է համընդհանուր լուծման ու ջանքերի կարօտ երեւոյթ` բարեկարգելու, միասնաբար խնամելու, խաղաղութեամբ ու բարօրութեամբ զարդարելու մեր ընդհանուր տունը: Ժամանակները փոփոխուել եւ փոփոխուելու են, շարունակ աճելու են մարդու գիտելիքներն ու հնարաւորութիւնները, բայց միշտ արդիական է անհրաժեշտութիւնը, որ հասարակական գիտակցութեան մէջ գերակայ լինի հանդուրժողականութեան հոգեւոր-բարոյական ակունքը:
Հաւատքն ու բարոյականութեան ընկալումը Ամենակալը դրել է մարդկանց մէջ` իբրեւ իւրայատուկ հնարաւորութիւն Իրեն նմանուելու: Մենք բոլորս Տիրոջ կերտած տանն ենք ապրում, եւ գործակիցներն ենք Արարչի», - նշեց Հայոց Հովուապետը` յաւելելով, որ, լինելով տարբեր ժողովուրդներ, տարբեր մարդիկ, Աստծոյ զաւակներ են ամէնքը` կոչուած միմեանց կեանքում առատացնելու հոգեւոր պտուղները եղբայրասիրութեան, խաղաղութեան, փոխըմբռնումի ու համագործակցութեան:
Գարեգին Բ. Վեհափառն ընդգծեց, որ հանդուրժողականութեան, փոխըմբռնման ու համագործակցութեան զօրացման ուղղութեամբ մարդկութեան անժխտելի ձեռքբերումներով հանդերձ 21-րդ դարում մեր հասարակութիւնները բախւում են նորանոր մարտահրաւէրների` դրանցից յատկապէս առանձնացնելով հակամարտութիւններն ու տարաձայնութիւնները կրօնական լոյսի ներքոյ ներկայացնելու վտանգաւոր միտումը: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր ու հրամայական նկատեց միջազգային, միջկրօնական-միջմշակութային երկխօսութիւնների հարթակներում, կրթութեան ոլորտում, զանգուածային լրատուամիջոցներով հանդուրժողականութեան ճիշտ մեկնաբանութիւնն ու մատուցումը:
«Հանդուրժողականութեան բացակայութեան, այլեւ դրա խտրական դրսեւորումների պատճառով է, որ մարդկութեան պատմութեան մէջ տեղի են ունեցել ողբերգութիւններ, պատերազմներ ու ցեղասպանութիւններ, եւ այսօր էլ յաճախ ականատես ենք դառնում ռասսայական, կրօնական եւ մշակութային եղեռնագործութիւնների: Հայ ժողովուրդն իր պատմութեան ընթացքին բազմիցս բախուել է անհանդուրժողականութեան ամենատարբեր դրսեւորումներին, որոնցից ամենասարսափելին 20-րդ դարասկզբին Օսմանեան կայսրութեան մէջ իրականացուած Հայոց ցեղասպանութիւնն էր, որն ուղեկցուեց նաեւ մշակութային ցեղասպանութեամբ:
Նոյն քաղաքականութեամբ 20-րդ դարավերջին, երբ հայ ժողովուրդը Ղարաբաղի պատմական իր հողի վրայ անկախութեան հաստատումով հռչակեց ազատ ապրելու իր իրաւունքը, Ադրբեջանի կողմից իրագործուեցին հայերի զանգուածային տեղահանութիւններ ու ջարդեր: Անհանդուրժողականութեան եւ ատելութեան հետեւանքը եղաւ նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան տարածքում հայկական Ջուղայ քաղաքի գերեզմանատան հազարաւոր խաչքարերի եւ հայ քրիստոնէական մշակոյթի եզակի արժէքների ոչնչացումը: Այսօր սահմանային բախումների հետեւանքով տակաւին անմեղ կեանքեր են զոհւում», - ասաց Նորին Սրբութիւնը` անդրադառնալով նաեւ կայուն խաղաղութեան վերահաստատման, ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ հանդուրժողականութեան մթնոլորտի ձեւաւորման բարի նպատակին ի նպաստ՝ միջազգային ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ պատրիարքի միջնորդական ջանքերով հոգեւոր առաջնորդների հանդիպումներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ եւ արաբ ժողովուրդների դարաւոր երկկողմ յարաբերութիւնները հարուստ են հանդուրժողականութեան եւ եղբայրասիրութեան ազնիւ դրսեւորումներով:
«Յատկապէս Հայոց ցեղասպանութիւնից յետոյ հարիւր հազարաւոր հայ գաղթականներ իրենց ապահով հանգրուանը գտան արաբական աշխարհի հիւրընկալ երկրներում` ձեւաւորելով խաղաղ համակեցութեան ու համագործակցութեան իրական եւ կենսական օրինակ: Այդպիսի վկայութիւններով են զարդարուած նաեւ Շարժայում հայ եւ արաբ ժողովուրդների զաւակների կեանքը, միասնական մասնակցութիւնը երկրի առաջընթացին, եղբայրական բարի յարաբերութիւնները: Մենք Մեր ժողովրդի զաւակների երախտագիտութիւնն ենք վերստին յայտնում Արաբական Միացեալ Էմիրութիւնների մեծարգոյ նախագահին եւ Շարժայի Էմիրութեան կառավարչին Նորին Գերազանցութիւն Շէյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, որ ժողովուրդների միջեւ բարեկամութեան ամրապնդման ոգով եւ ամենայն բարեացակամութեամբ զօրակցութիւն են բերում տեղի քրիստոնէական համայնքներին: Առանձնակիօրէն ցանկանում ենք անդրադառնալ, որ Շէյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիի մարդասիրական մեծահոգի վերաբերմունքի շնորհիւ Շարժայի հայ համայնքն ունեցաւ նաեւ իր աղօթավայրը՝ կազմակերպելու համար ազգային-հոգեւոր իր կեանքը: Գոհունակութեամբ ու շնորհակալութեամբ ենք յիշում դեռեւս 2006 թուականին Նորին Գերազանցութիւն Շէյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի կողմից Հայաստան կատարուած այցի շրջանակներում առնուած աստուածահաճոյ որոշումը` վերակառուցելու Հայաստանի նշանաւոր վանական համալիրներից Հաղարծնի վանքը` իբրեւ հանդուրժողականութեան եւ կրօնական-մշակութային արժէքների հանդէպ բացառիկ վերաբերմունքի օրինակելի դրսեւորում: Մեր աղօթքներն ու գնահատանքն ենք բերում Նորին Գերազանցութեանը մարդասիրութեան եւ բարեկամութեան իր ազնիւ ոգու համար:
Հայ ժողովրդի զաւակները, սփռուած աշխարհով մէկ, ապրելով տարբեր միջավայրերում, հաւատարիմ են մնացել եղբայրասիրութեան ու օտարասիրութեան աստուածային պատգամին` մշտապէս յարգելով միւս ժողովուրդների կրօնական, մշակութային, կենցաղային աւանդոյթներն ու սովորոյթները, եւ իրենց կարեւոր նպաստն են բերում բարի առաջընթացին հիւրընկալ երկրների, որոնց ազնիւ եւ օրինապահ քաղաքացիներն են: Ասուածի լաւագոյն վկայութիւնն են ինչպէս Շարժայում, այնպէս եւ արաբական, մահմեդական երկրներում դարեր ի վեր եղբայրասիրութեան մէջ ապրող հայ համայնքները: Համերաշխութեան ու խաղաղ համակեցութեան վկայութիւն են նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում գործող Կապոյտ մզկիթը, կրօնական տարբեր յարանուանութիւնները, որոնք ապրում են Հայաստանում՝ պահպանելով ու արդիւնաւորաղաքակրթութիւնների միջեւ երկխօսութեան խթանմանը, փոխըմբռնման ու համագործակցութեան ոգու ամրապնդմանը ծառայող քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրեալից, որ հանդուրժողականութիւնը աշխարհում առատ պտուղներ բերի եւ մարդկութեան կեանքը զարդարի սիրոյ, խաղաղութեան ու ստեղծարար ընթացքի բարի արգասիքներով:
Բանախօսութիւնից յետոյ Նորին Սրբութիւնը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին ու քննարկման արդիւնքում առաջացած հարցադրումներին։