Զուտ մարդկայնորեն ափսոս էին բոլոր այն պատգամավորները, ում Փաշինյան Նիկոլը օրենսդիրից վերածեց դատարանի շենքի հավաքարարի ելք ու մուտքը փակողի: Սա իրական դժբախտություն է: խորհրդարանական երկրի մանդատավորներին ի՞նչ աստիճանի պետք է առաջնորդը հատակ իջնեցներ, որ այդ մարդիկ այս տխուր իրավիճակում հայտնվեին:
Հատկապես ափսոս էին իրավագիտության հետ կապ ունեցողները, որ լսարանում՝ ուսանողների առջև, և ամբիոնում՝ կոլեգաների առջև ստիպված են գլուխ խոնարհել, որովհետև իրենք բոլորից լավ գիտեն. սահմանադրական կարգի տապալման մասնակիցներ են: Իսկ իրավագիտության մասին իրենց խոսքն ու դասախոսությունները առոչինչ են այսուհետ, քանզի հնարավոր չէ սովորեցնել, քարոզել մի բան, հրապարակայնորեն անել տրամագծորեն հակառակ մեկ այլ բան: Եվ, ինչքան էլ հետո ասեն, թե ֆիկտիվ մասնակցություն են ունեցել, միևնույնն է՝ այս խարանից ազատվել չի լինելու: Ինչպես ասում են՝ պատմությունը մարդկանցից հիշաչար է: