Հայաստան 

Սերժ Սարգսյան. Հրադադարի ռեժիմի խախտմամբ Ադրբեջանը տարբեր խնդիրներ է լուծում

Հրադադարի ռեժիմների խախտմամբ Ադրբեջանը տարբեր խնդիրներ է լուծում: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանը տարբեր  նպատակներ ունի: Առաջինը այն է, որ միջազգային հանրությանը հասցնի, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա մի փուլը, և հիմա պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա»,- նշել է Սարգսյանն ու հիշեցրել, որ յուրաքանչյուր կարեւորագույն հանդիպումներից առաջ և հետո հրադադարի խախտումներ են լինում են»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի նախագահն իր առաջ դնում է, ժողովրդական լեզվով ասած, «հայերի աչքը վախեցնելն էր»։ «Ուզում էին ցույց տալ, որ իրենց զորքերը մարտունակ են: Եւ ինչպես տեսաք՝ այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ մի հանգրվանի:  Երրորդ նպատակը ներքաղաքական է, երբ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է արդարացնել կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ շահարկելով պատերազմը»,- նշել է Սարգսյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում մեր զինվորների կեցվածքն ու գործողությունները, Սերժ Սարգսյանն ասել է. «Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել: Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, նրա հնարավորություններն ու կարողությունները: Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը՝ իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելու հարցում: Մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց կարեւոր հանգամանք է»,- նշել է նախագահը:

Նա նաև նկատել է, թե հասարակությունն ու մամուլն էլ հրաշալի դրսեւորեցին վերջին օրերին: «Երբ ասում էի, որ այն պրոբլեմը, խնդիրները որ առաջանում են, այն գինն է, որ վճարում ենէ փակից բաց հասարակություն անցնելու ճանապարհին, դա նկատի ունեի: Ի տարբերություն մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք, մեր մամուլն էլ ազատ է: Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Որոշ լրատվամիջոցներ, առավել ևս՝ առանձին մարդիկ փորձեցին մեր հակառակորդի մատուցած ինֆորմացիան մատուցել հասարակությանը:

Բայց դա շատ կարճ տեւեց, մամուլը կարողացավ համախմբվել եւ ճիշտ դիրքորոշում արտահայտել: Նույնիսկ իշխանության նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արտահայտվել բանակի մասին, և դա նրանց պատիվ  է բերում»,- ասել է նա:

Նույն շարքից