Ադրբեջանական գերության մեջ մահացած Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահը ադրբեջանցիների խղճի վրա է: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ամոթանք տվել նրան: «Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանել: Նա ասաց՝ մենք չենք սպանել: Ասացի՝ 31-ամյա երիտասարդ տղան ոգելից խմիչքի տակ ինչո՞ւ պիտի անցներ ձեզ մոտ և մահանար: Ալիևը պատասխանեց, դե երևի վախեցել, մահացել է»,- նշել է Սարգսյանը:
Մյուս կողմից նախագահը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տվել զուսպ լինել: «Տարբեր հանգամանքներ են լինում, և դա բնավ չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է հասկանան, որ գործ ունենք զայրացած, գազազած թշնամու հետ»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: