ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան բարձր հովանու ներքո ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում ապրիլի 20-ին՝ ժամը 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ՝ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով: Համերգի ընթացքում առաջին անգամ հայ կոմպոզիտորների երգերը կհնչեն ֆրանսերենով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի մամուլի հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշված է, որ համերգին մասնակցում են ճանաչված և սիրված հայ երգիչ-երգչուհիներ՝ Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Էմմա Պետրոսյանը, Մերի Մնջոյանը, Նարեկ Մակարյանը, Էմմա Ասատրյանը, Վարդան Բադալյանը և այլ կատարողներ:
Համերգը կվարեն Ավետ Բարսեղյանը և Հայկ Պետրոսյանը:
Համերգի կենդանի երաժշտությունը կապահովի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան:
Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցմանը: