Վերլուծական 

Յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կա՛մ կանխորոշելու է դատաիրավական ճգնաժամ, կա՛մ դուռ է բացելու ավելի առողջ ընթացքի. Էլինար Վարդանյան

Սահմանադրական դատարանի, այդ թվում դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել՝ ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է, այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է:

Սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է շատ զգոն լինել, որովհետև ոչ ճիշտ կայացված որոշումները սահմանադրական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ՝ Եվրոպական մի շարք երկրների օրինակը պարզապես անտեսել չի կարելի: Մոլդովա, Լեհաստան, Ալբանիա. սրանք երկրներ են, որտեղ այս կառույցի նկատմամբ անլուրջ, ոչ հաշվարկված մոտեցումը բերել է սահմանադրական արդարադատության իրականացման անհնարինության, ինչն էլ լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել:

Մեր պետությունում սահմանադրական դատարանի քաղաքականացման մոդելով շարժվելը, հատկապես իշխող մեծամասնության թեկնածու դատարանում ունենալու աներկբա պահանջը մեկ կոճակով բավարարելը հակասելու է փոփոխություններ անելու, հին մոտեցումներից հրաժարվելու մասին ամեն օր հնչող հայտարարություններին: Եվ հիմնավորումները, որ նախկին իշխանությունները ևս առաջնորդվում էին այդ մոտեցմամբ, նորերի սխալն արդարացնելու բավարար հիմք չի հանդիսանալու:

Այսօր ՍԴ դատավորի ընտրության հարցը իրապես վերածվել է քաղաքական լուրջ խնդրի.

ՍԴ թեկնածու առաջադրում է երկրի նախագահը, ում նույն թեկնածուն համարում է ոչ լեգիտիմ ընտրված, բայց միևնույն ժամանակ առաջադրումը դիտարկվում է որպես լեգիտիմ:

ՍԴ թեկնածուն սահմանադրական դատարանը համարում է քաղաքական մարմին:

Եվ ի վերջո թեկնածուի առաջադրման իրավական հիմքերը ևս խոցելի են:

Իմ մտահոգությունը ամենևին,  Վահե Գրիգորյանի անձը կամ քաղաքական հայացքները չեն: Խոսքն այստեղ երկրի սահմանադրականության, դատական իշխանության, հատկապես սահմանադրական դատարանի անկախության մասին է:

Կամ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով և սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կամ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետև ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու:

Այսպիով, ԱԺ-ն և անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կամ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ կամ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից