Վերլուծական 

Սելֆիներ, հյուրասիրություն, իսկ ներդրումնե՞րը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Վիետնամ ու Սինգապուր էր մեկնել փողի հետևից: Տնտեսական հեղափոխության մասին արվել են բարձրագոչ հայտարարություններ, սակայն դրանք չեն ամրապնդվում կոնկրետ գործերով, տնտեսական աճով, ներդրումներով: Պատահական չէ, որ օֆիցիոզ քարոզչամեքենան վարչապետի՝ հատկապես սինգապուրյան այցի շուրջ ստեղծել է ներդրումային աժիոտաժ, սպասում: Սակայն իրատես լինենք ու չտրվենք ավելորդ սպասումների՝ Հայաստանի և Սինգապուրի միջև աևտրաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարի Հայաստանը Սինգապուրից ներմուծել է ընդամենը 1,5 միլիոն դոլարի, իսկ արտահանել 700 հազար դոլարի ապրանք:

Պարզ չէ, թե կոնկրետ ինչու սինգապուրցի գործարարները պետք է իրենց փողերը ներդնեն Հայաստանում, մանավանդ, որ մեր երկրի ղեկավարից լսում են միայն գեղեցիկ խոսքեր, հեղափոխության ֆետիշացում, լավագույն դեպքում՝ ընդհանուր ձևակերպումներ:

Սինգապուրը «տնտեսական մեծ հրաշքի» հեղինակն է ու բոլորից լավ գիտի, թե ինչպես է խրախուսվում ներդրումային քաղաքակա­նությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը բա­վարար չէ, մանավանդ, որ դա չի ամրապնդ­վում կոնկրետ օրենսդրական փոփոխություն­ներով, որոնք կվերացնեն օրենսդրական տարընթերցումները, երկիմաստությունները: Ավելին՝ եթե հակակոռուպցիհն պայքարը չի ամրապնդվում տնտեսական ներառական քաղաքականությամբ, ապա դրա արդյունա­վետությունը հասնում է նվազագույնի՝ հետև­անքների առումով:

Ներդրումների համար դատական անկախ համակարգի ստեղծումը կարևոր նախապայման է, սակայն Սինգապուրում դարձյալ գիտեն, թե որն է որակյալ արդարադատու­թյուն ստեղծելու արդյունավետ ճանապար­հը: Միայն վեթինգը կամ անցումային ար­դարադատության գործիքներն իրավիճակը չեն շտկելու, եթե դատավորի աշխատանքը գրավիչ չէ որակյալ իրավաբանների համար:

Իսկ այդպիսին կարող է դառնալ, եթե շեշ­տակի բարձրացվի դատավորների աշխատավարձը: Մի բան, որն արվել է Սինգապուրում, որովհետև նրա իշխանությունները կա­րողացել են ոչ միայն պատժել կոռուպցիոներներին, այլ նաև ներդրումային բում ապահովել ու աշխատատեղեր ստեղծել: Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսում է դատա­վորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին, սակայն դա մնում է ցանկություն, որովհետև Հայաստա­նի տնտեսական հնարավորությունները, մեղմ ասած, հեղափոխական լուծումների հնարավորություն չեն ստեղծում:

Այս իրավիճակում Սինգապուրից մնալու են միայն հաճելի հուշեր, սելֆիներ, հյուրասիրություն, գուցե նաև՝ ներդրումային խոստումներ, եթե, իհարկե, Հայաստանի կառավարությունն ապացուցի, որ կարող է իրական գործ անել՝ հեղափոխությունն արտերկրում ֆետիշացնելուց բացի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից