ՀՀ կառավարության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում սիրիահայության անվտանգության և Սիրիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերը: Այս մասին Հայրենիք-սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մեր աշխատանքներում մենք հաշվի ենք առնում մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները: Տեղյակ եմ, որ դուք քննարկել եք սիրիական ճգնաժամի հետևանքով ծանր դրության մեջ հայտնված սիրիահայերի խնդիրը: Այդ հարցը մեր օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:
Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող, ծայրահեղ իսլամիստների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում և միջազգային կազմակերպություններում բարձրացրել է միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին հարցը:
«Այդ նպատակով սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում մեր մասնակցությամբ մշակվել և ընդունվել է համապատասխան բանաձև»,- նշեց Նալբանդյանը: