Վերլուծական 

Սերժ Սարգսյանի մոտ ստացվեց այն, ինչ Ալիևի մոտ չի ստացվում. Արմեն Աշոտյան

«Համադրելով Բրյուսելից եւ Բաքվից եկող տեղեկատվական հոսքերն ու ազդակները՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանի եւ Եվրոպական միության միջեւ նախապատրաստվող նոր համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, անկախ Մամեդյարով-Մոգերինի ձեւաչափով հանդիպումներին բարձրաձայնվող արարողակարգային լավատեսությունից, այս պահին բախվել է մի շարք խնդիրների:

Փորձենք հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի մոտ ստացվեց Եվրոպական միության հետ ստորագրել նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր (CEPA), իսկ դեռեւս 2017 թվականի մարտին մեկնարկած Ադրբեջան-ԵՄ բանակցությունները Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ վտանգված են, եւ Ալիեւի մոտ մինչ այսօր չի ստացվում իրական առաջընթաց արձանագրել եվրոպական ուղղությամբ:

1.ԵՄ-ն եւ Ադրբեջանն ընդհանուր հայտարարի չեն գալիս ավիափոխադրումների հարցում, Ընդհանուր ավիացիոն տարածքի քաղաքականության շուրջ: Հայաստանը Common aviation Area համաձայնագիրը ստորագրել է 2017 թվականի նոյեմբերին:

2.Վիզաների տրամադրման գործընթացի ազատականացման հարցում նույնպես չկա համաձայնություն Բաքվի եւ Բրյուսելի միջեւ: Հայաստանը, իր հերթին, վերացրել էր Շենգեն գոտու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը 2013 թվականից:

3.Համաձայնագրի վերջնականացմանը խոչընդոտում են նաեւ Ադրբեջանի դիմադրությունը ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ մարդու իրավունքներին վերաբերող հոդվածների կապակցությամբ: Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրում այդ հարցերն ամբողջությամբ արծարծված են եւ գրեթե նույնական են, այսպես կոչված, Արեւելյան գործընկերության ասոցացված երկրների համաձայնագրերին:

4.Ադրբեջանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, եւ չնայած ԵՄ-ն, անելով բացառություն Ադրբեջանի համար, պատրաստ է ստորագրել համաձայնագիր, եթե Ադրբեջանը ներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության ճանապարհային քարտեզ, Ադրբեջանն այս հարցում նույնպես առաջընթաց չի գրանցում: Հիշեցնեմ, որ Հայաստանը WTO անդամ է 2003 թվականից:

5.Եվ, իհարկե, լրջագույն հարց է նաեւ արցախյան հակամարտության խնդիրը: Ըստ աղբյուրների՝ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախագծում հիշատակված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԵՄ սատարման դրույթը, սակայն Բրյուսելը հրաժարվում է միարժեքորեն գրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: 2017 թվականին ստորագրված Հայաստանի հետ համաձայնագրում Եվրոպական միությունն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին, գործունեությանը եւ առաջարկված հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Եվրոպական հանձնաժողովի գործող մանդատն ավարտվում է այս տարվա նոյեմբերի 1-ին, եւ եթե կողմերը չհասցնեն հարթել առկա տարաձայնությունները, ապա նոր Եվրահանձնաժողովի պարագայում այս գործընթացը, հասկանալի պատճառներով, էլ ավելի կդանդաղի:

2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իրապես, մնում է ունիկալ քաղաքական փաստաթուղթ եւ այդ տարիներին մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է: Ինչպես բազմիցս ընդգծվել է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական միության ղեկավարության եւ փորձագիտական շրջանակների կողմից, մեզ հաջողվել էր, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ նման ամբիցիոզ փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ:

Ինչպես տեսաք, մենք այնպես ենք աշխատել, որ առայսօր, երկու տարի անց, Ադրբեջանը չի կարողանում հասնել Հայաստանին գլոբալ քաղաքականության եվրոպական ուղղության վրա:

Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի եւ Արցախի համար բոլոր սպառնալիքները չեզոքացված են: Չմոռանանք, որ 2020 թվականից գործարկվելու է Հարավային գազային միջանցքը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպական միության երկրներին՝ այստեղից բխող բոլոր մարտահրավերներով:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան խնամք է պահանջում: Իսկ օրակարգն ավելի քան հագեցած է՝ CEPA-ի վերջնական վավերացում, CEPA-ի լիարժեք եւ որակյալ իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, Արեւելյան գործընկերության հեռանկարները, գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ այլն:

Ուստի Հայաստանի գործող իշխանությունները պարտավոր են վերջնականապես չմսխել կուտակված արտաքին քաղաքական կապիտալը եւ վերջապես լրջորեն զբաղվել թե՛ արտաքին քաղաքականությամբ, թե՛ երկրի բարեփոխումների իրական օրակարգով»:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից