Գիտություն 

ԿԳՄՍ նախարարությունը հայագիտության զարգացման նոր հայեցակարգ է մշակում․ Հարությունյան

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորրդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի  պրոֆեսոր Պիտեր Կաուին և այլ հյուրեր:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նվիրված է մեր ժողովրդի կողմից դարերի ընթացքում կերտված նշանակալի կենտրոններից մեկին՝ Սալմաստի պատմությանն ու մշակույթին. «Կարևոր եմ համարում ընդգծել, որ գիտաժողովը կազմակերպվել է ոչ միայն մեր գիտական կենտրոնների՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի, այլև Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի կողմից, որտեղ այս տարի պատիվ եմ ունեցել հյուրընկալվել: Առանձնահատուկ շնորհակալության է արժանի ամբիոնի վարիչ, ճանաչված հայագետ, պրոֆեսոր Պիտեր Կաուին, որը քրտնաջան աշխատանք է տարել գիտաժողովի նախապատրաստական շրջանում»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները նպատակասլաց աշխատանք են տանում, որ կարողանան մեկտեղել գիտական ներուժը և խրախուսել Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում` հայագիտության բնագավառում:

«Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը հայագիտության զարգացման նոր հայեցակարգ է մշակում, որի ընթացքում կունենանք նաև ձեր աջակցության կարիքը, քննարկումներ կունենանք, որպեսզի հայեցակարգը լինի լիարժեք, համապատասխանի ժամանակակից պահանջներին և հետազոտական անհրաժեշտություններին: Համոզված եմ, որ 3 ճանաչված հայագիտական կենտրոնների ջանքերի մեկտեղումը կպսակվի հաջողությամբ, և գիտաժողովը կարևոր ներդրում կունենա հայոց Սալմաստի համակողմանի և ավելի խորը ուսումնասիրության գործում՝ միաժամանակ նպաստելով Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը»,-նշել է նախարարը:

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝  գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հայության կարևորագույն կենտրոն հանդիսացող Սալմաստ գավառի պատմությունը, լեզվամշակույթը, պատմամշակութային ժառանգությունը և հոգևոր արժեքներին առնչվող հարցեր:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են նաև  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի  պրոֆեսոր Պիտեր Կաուին:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ տարածաշրջանային հնագիտություն, Սալմաստը պարսկական արխիվներում, բարբառագիտություն, Սալմաստը և Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ճարտարապետություն:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից