Վերլուծական 

Քայլողներին ուղղված Արթուր Վանեցյանի կանգնելու կոչը բովանդակային իմաստով չի զարմացնում. Լիլիթ Գալստյան

analitik.am

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՆՈՒՐԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Որքան էլ հանրային հեռուստատեսության երկարաշունչ հաղորդումը ժպտալու խորհուրդ տա, իսկ վարչապետը ֆուտբոլը համարի ազգային- պետական նշանակության ճակատ ու այնտեղ տեղավորի Վանեցյանին, այնուամենայնիվ «նոր Հայաստանում» ժպտալու առիթ գրեթե չկա, ոչ էլ՝ ֆուտբոլով հրապուրվելու սիրտ։

Չկա, որովհետև ազգային-պետական նշանակության դեպքեր են կարարվում Հայաստանում, որոնց գնահատական չտալը, նրանց սպառնալիքները չտեսնելը, հետևություններ չանելը նշանակում է չգիտակցել, թե ինչ վտանգավոր ընթացք է որդեգրել երկիրը։

ԱԱԾ-ի պետի հրաժարականին կարելի էր և չանդրադառնալ, եթե վերջինս չուղեկցվեր մեր իրականությունն ախտորոշող, ըստ էության երկրի և պետականության կառավարման որակները գնահատող հիմնավորումով։

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Արթուր Վանեցյանի այս գնահատականներն՝ իբրև բովանդակություն չեն զարմացնում․ մենք /դաշնակցությունը/ դեռ ամիսներ առաջ նույն գնահատականն ենք տվել երկրի կառավարման և որոշումներ ընդունելու որակներին, երկրի անհասկանալի, տադնապեցնող ընթացքին, երկիրը ցնցումների և հանրային բախումների տանող անհեռանկար քաղաքականությանը։

Խնդիրն հատկապես այն է, որ այսպիսի գնահատականներ է հնչեցնում մեր ազգային անվտանգության ողջ համատեքստին, հորիզոնական և ուղղահայաց զարգացումներին, ողջ տեղեկատվությանը տիրապետող մի պաշտոնյա, որից վեր, երկրի կառավարման բուրգում ընդամենը մեկ պաշտոն կա։

Ցավալի է, բայց օբյեկտիվորեն այս խոստովանություն-գնահատականը ուղղված է թե ներքին սպառողին, թե արտաքին․․․ Ավելին չասեմ։

Բայց Վանեցյանն այստեղ վերջակետ չի դնում, շարունակում է․

«Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Քայլողներին ուղղված Վանեցյանի կանգնելու կոչն էլ բովանդակային իմաստով չի զարմացնում․ մենք նրանց դեղին քարտ դեռ ամիսներ առաջ էինք ցույց տվել։ Մի կողմից ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենի հայտարարությունը գալիս է ապացուցելու, թե դեռ ամիսներ առաջ որքան դիպուկ ենք եղել մեր ախտորոշումներում, և միևնույն ժամանակ էլ ավելի խորացնում տագնապս, որովհետև վստահ եմ, որ մեր ազգային անվտանգության սպառնալիքներին տիրապետող բարձրագույն պաշտոնյայից ինչ աներևակայելի ճիգ է պահանջվել այսպիսի ուղերձի համար։ Գրեթե Հեմինգուեյի ոճով, այսբերգի պես, որն ընդամենը գագաթն է ցուցադրում։

Բայց, ըստ էության «Իմ քայլը» կանգ առ-ի ոչ տրամադրություն ունի, ոչ էլ՝ խոհեմություն։ Ավելին, Ա․ Միրզոյանի այսօրվա կոչով նոր հարձակում է սպասվում դատաիրավական համակարգի վրա։

Առայժմ, կարծես շատ հեշտ է թվում՝ մի ութսուն հոգով, թաքնվել ժողովրդի կամ հանրային պահանջի ներքո, հերոսաբար ջախջախել իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական նորմը։

Տղաներ և աղջիկներ, միթե չեք գիտակցում, որ որդեգրել եք հակասահմանադրական, քաղաքական ցնցումների մի ընթացք, որը պարզապես կասեցնում է մեր երկրի բնականոն զարգացումը, որը մաշում և հիասթափեցնում է հանրությանը, ազդում մեր միջազգային վարկանիշի վրա։ Գալու է չէ՞ քարեր հավաքելու ժամանկը։ Միթե դժվար է հասկանալ, որ Արցախյան հակամարտություն դիմագրավող երկիրը քաղաքական և բարոյական այլ արժեքներով և այլ ռեժիմում պիտի ապրեր։

Բայց հիմա ձեզ բովանդակությունը և արդյունքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ եք ավելի կարևոր խնդրով․ ո՞վ է գրել Վանեցյանի տեքստը…»:

Նույն շարքից