Առողջապահություն 

Հայաստանում գլխուղեղի կաթվածը մահացության երկրորդ, իսկ հաշմանդամության առաջին պատճառն է

Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրում նշվում է ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը` ընդգծելու հիվանդության լուրջ բնույթը և տարածվածությունը, բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև ապահովելու կաթվածը վերապրածների ավելի լավ խնամք և օժանդակություն: Ամենամյա միջոցառումները կազմակերպվում են 2006 թվականից` Կաթվածի համաշխարհային կազմակերպության  առաջարկությամբ:

Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառը գլխուղեղի անոթների խցանումն է կամ պատի վնասումը:

Հիվանդության զարգացման ռիսկի գործոններ են համարվում ծխելը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության բացակայությունը:

Ներկայումս կաթվածը բարձր մահացություն և հաշմանդամություն բերող վտանգավոր հիվանդություններից մեկն է: Աշխարհում յուրաքանչյուր տարի կաթվածից մահանում է շուրջ 5 միլիոն մարդ, իսկ 15 միլիոն մարդ ստանում է առաջնային կամ կրկնակի կաթված: Հիվանդության հետևանքով ողջ մնացածների 50%-ը դառնում է անաշխատունակ և միայն նրանց 10-20%-ն է պահպանում առօրյա ակտիվություն:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը 2012 թվականին կազմել է 5417, 2014թ.` 6065, իսկ 2017թ-ին` 5766 դեպք, և գլխուղեղի կաթվածը մահացության երկրորդ, իսկ հաշմանդամության առաջին պատճառն է։

Առողջապահության նախարարությունը 2019թ. փետրվարից իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով  գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից  առայսօր բուժօգնություն է ստացել շուրջ 300 քաղաքացի:

Բուժօգնություն ստացածների 55%-ը Երևանից են, իսկ 45%-ը` Հայաստանի տարբեր մարզերից:

Առաջիկայում նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծառայության  շրջանակները`  հասանելի դարձնելով հատկապես մարզերում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից