Մշակույթ 

«ԽԱՉԱՏՐՅԱՆ» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան վերջապես կայացավ

 

      Երեկ երեկոյան  Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում կայացավ  հայուհի  աշխարհահռչակ դաշնակահարուհի  Դորա Սերվիարյան-Կյունի հեղինակած «ԽԱՉԱՏՐՅԱՆ»  վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ուղին: Չնայած, որ ֆիլմը նկարահանվել էր դեռևս 2002 թվականին՝  Հայաստանում այն նոր էր ցուցադրվում:


Մեզ հետաքրքրող այն հարցին, թե ինչո՞ւ է ֆիլմը նկարահանումից միայն  12 տարի անց այստեղ ցուցադրվում, պատասխանեց   Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոդյուսեր Արման Պադարյանը, ով ասաց, որ  ֆիլմի ցուցադրությունը առանց կոնկրետ պատճառի,  ուղղակի   չէր ստացվել, բայց հիմա, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, վերջապես ցուցադրվեց: Երեկոյին ներկա էին ֆիլմի  ռեժիսոր` Պիտեր Ռոզեն, պրոդյուսերներ` Դորա Սերվիարյան-Կյունը, Ռոբերտ Լոուրենս Կյունը և այլք:

  Ֆիլմի հեղինակ Դորա Սերվիարյան-Կյունը մեզ հետ զրույցում նշեց, որ բազմիցս նվագելով Ա. Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը՝ մեծ ցանկություն է ունեցել նկարահանել նրա մասին ֆիլմ: Ամուսնու աջակցությամբ նա իր այդ ցանկությունն իրականացրել է:  Դիտումից հետո ֆիլմի մասին իրենց տպավորություններով կիսվեցին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

    «Դորա Սերվիարյան-Կյունը իր պարտքն է համարել  այս ֆիլմով մեզ վերադարձնել Արամ Խաչատրյանին: Այսօրվա պես հիշում եմ այն օրերը, երբ Արամը գալիս էր Հայաստան: Այսօր ևս մեկ անգամ ընկա հուշերի գիրկը: Կոմպոզիտորի մասին սա լավագույն ֆիլմերից մեկն էր:» - ասաց կոմպոզիտոր Տ. Մանսուրյանը:

   «Շատ հետաքրքիր ֆիլմ էր, մեծ  բավականություն ստացա և հուզվեցի դիտման ժամանակ: Իհարկե, մեծանուն կոմպոզիտորին աշխարհին ներկայացնելու խնդիր չկա՝ նա աշխարհռչակ է, բայց այս ֆիլմը ևս մի հնարավորություն է ցույց տալու, թե ո՞վ է Արամ Խաչատրյանը: Այստեղ նաև իմ օտարերկրյա գործընկերներն են, ովքեր ասացին, որ հպարտ են, որ իրենք գտնվում են Խաչատրյանի երկրում:» - նշեց Է. Թոփչյանը:

 

 Արմինե Բրսոյան

 

 

 

Նույն շարքից