Մշակույթ 

Տաղանդն ընտրելու ունակությունն է. Հանդիպում՝ Եվգենի Պետրոսյանի հետ /լուսանկարներ/

analitik.am

Նոյեմբերի 22-ին «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի հետ: Այս մասին հայտնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տեղեկատվական բաժնից:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն, իր ողջույնի խոսքում անդրադառնալով հայտնի արտիստի գործունեությանը, շեշտեց, որ նա ռուս և հայ ժողովուրդների բարեկամության և եղբայրության խորհրդանիշ է: Դա հաստատեց հենց հումորսիտը՝ «Ես Հայաստանի և Ռուսաստանի սինթեզ եմ»:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից կազմակերպված երեկոյին ներկա էին ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ երկրպագուներ, այդ թվում ՝ հաղորդավար, լրագրող և սցենարիստ Կարեն Քոչարյանը, ով Պետրոսյանին նվիրեց տարիներ առաջ նրա հետ անցկացրած հարցազրույցի տեսագրությունը:

Երեկոյի ընթացքում Ռուսաստանի ժողովրդական արտիստը, պատասխանելով ներկաների հարցերին, խոսեց տպավորությունների, հայաստանյան շրջագայության, ծրագրերի և իր ստեղծագործական ուղու մասին:

Ավելի քան հինգ տասնամյակ Եվգենի Պետրոսյանը ստեղծագործում է հումորի ոլորտում և այսօր հանդիսանում իր ժանրի վարպետը, էստրադայում սիրված և ամենաճանաչված արտիստներից մեկը:

Մեր տաղանդաշատ հայրենակիցը՝ որպես ռեժիսոր, հեղինակել և ստեղծել է հարյուրից ավելի ներկայացում, համերգային ծրագիր և հազարավոր հեռուստահաղորդումներ՝ այդ թվում. «Պետրոսյան շոու», «Հումոր! Հումոր!! Հումոր!!!» և «Սմեխոպանորամա», որոնք հաջողությամբ եթեր են հեռարձակվում Ռուսաստանի դաշնային հեռուստալիքներով:

Իսկ, թե որն է իր տարիների հաջողության գաղտնիքը, արտիստը պատասխանում է` «Ոչ մի գաղտնիք չկա:

Ցանկացած մասնագիտության գաղտնիքը երկու սիրո արդյունք է` քո գործի եւ նրանց համար, ում համար աշխատում ես: Այդ սերերն են օգնում, որ չնահանջես դժվարություններից եւ առաջ շարժվես»:

Հարցին` եղել են պահեր, երբ արտիստը ստիպված է եղել մոռանալ դժվարությունների մասին և բեմ բարձրանալ, Պետրոսյանը նշեց. «Ինձ սովորեցրել են, որ բեմում ոչ թե աշխատում ես, այլ ելույթ ունենում:

Դահլիճ մտնելով` խնդիրները պետք է թողնել դրսում, հանդիսատեսը չպետք է դա տեսնի: Բեմում կախարդանք է տեղի ունենում` ուզենք դա, թե ոչ: Բնազդաբար միտքդ փայլատակում է...

Թե ինչպես է դա տեղի ունենում, նույնիսկ, գիտնականները չգիտեն: Երեւի մենք «համագործակցում» ենք երկնքի հետ...»:

Այսօր Պետրոսյանը շարունակում է ակտիվ համերգային շրջագայությունները, իրագործում զանազան նոր մտահղացումներ ու նախագծեր:

Նրա յուրաքանչյուր ելույթ անցնում է մեծ հաջողությամբ` արժանանալով հանդիսատեսի և մեծաթիվ հավատարիմ երկրպագուների բարձր գնահատականին, ինչի վկայությունը դարձան նաև երևանյան մեծ համերգն ու ստեղծագործական երեկոն «Դոմ Մոսկվի» կենտրոնում:

Խոսելով իր ստեղծագործական հաջողության և տաղանդի չափանիշների մասին ՝ Եվգենի Վագանովիչը նշեց. «Տաղանդը ընտրելու ունակությունն է: Մենք միշտապես ընտրության առաջ ենք կանգնած: Դուք ընտրում եք ձեր հարցերը, ես ընտրում եմ բառեր, մտքեր: Մենք ընտրում ենք, թե ինչպես տնօրինել մեր ժամանակը, իրերը, ինչպես օգտագործել դրանք»:

Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին ՝ Պետրոսյանը նշեց, որ ցանկանում է ստեղծել սեփական թատրոնն ունենալ. «Միշտ մտածել եմ, որ իմ բեմը, իմ թատրոնը մեր ամբողջ հետսովետական տարածքն է: Եվ ես կենտրոնացած էի հեռուստատեսության վրա:

Այսպիսով` ես գալիս եմ յուրաքանչյուրի տուն, ով ցանկանում է ինձ ներս թողնել: Իսկ հիմա  հասկանում եմ, որ սխալ եմ եղելթույլ, քանի որ թատրոնը միայն շենք չէ: Սա այն օջախ է, որտեղ գալիս են երիտասարդներն ու ծերերը,  վարպետներն ու սկսնակները»:

Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացած հանդիպումը տևեց ավելի քան երկու ժամ: Այս ընթացքում արտիստը ոչ միայն պատասխանեց ներկաների հարցերին, այլև ներակայացավ հումորային մանախոսություններով ու դրվագներով:

Նույն շարքից