Առողջապահություն 

Մեկնարկում է դեղերի անվտանգության շաբաթը

Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը:

Դեղերի անվտանգության շաբաթին, որը նախաձեռնել է ԱՀԿ դեղերի անվտանգության դիտարկման կենտրոնը,  համագործակցելով Եվրոպայի դեղերի գործակալությունների ղեկավարների (HMA) և դեղակարգավորող կառույցների միջազգային կոալիցիայի (ICMRA) հետ, միացել է աշխարհի 57 երկիր, այդ թվում` Հայաստանը:

Բազմադեղաբուժություն է դիտարկվում միաժամանակ չորս և ավելի դեղերի զուգահեռ կիրառումը:  Բազմադեղաբուժության արդյունքում՝ դեղ-դեղ, դեղ-սնունդ, դեղ-բուսական ծագման պատրաստուկ փոխազդեցության մեծ ռիսկերի հետևանքով բարձրանում է կողմնակի ազդեցությունների դրսևորման հավանականությունը:

Չնայած բազմադեղաբուժությունն առավել տարածված է տարեցների շրջանում, այնուամենայնիվ, ցանկացած անձ, ով միաժամանակ կիրառում է  բազմաթիվ դեղեր, կարող է կրել բազմադեղաբուժության հետևանքները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ 75 տարեկանից բարձր անձանց 30%-ը կիրառում է 6 և ավելի դեղ, իսկ աշխարհում շուրջ 1 միլիոն  մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ:

Դեղերի անվտանգության մշտադիտարկումը Հայաստանում  իրականացնում է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի առաքելությունն է Հայաստանում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի ապահովումը: Ի թիվս այլ կարգավորիչ գործառույթների` կենտրոնն իրականացնում է նաև դեղերի կողմնակի երևույթների, արդյունավետության բացակայության կամ կեղծման կասկածելի դեպքերի հավաքագրում և գնահատում՝ դեղազգոնության համակարգի շրջանակներում` հանդիսանալով համանուն միջազգային ծրագրի լիիրավ անդամ: Հավաքագրված տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

Դեղի կողմնակի ազդեցությունների հաղորդման ուղիներն են՝

Առցանց՝ լրացնել հայտագիրը կայքում (www.pharm.am)

Թղթային՝ բեռնել, տպել և լրացնել հայտագիրը

Թեժ գծի միջոցով` հեռ.` +374 10 20 50 50, 096 22 50 50

Med Safety հավելվածի օգնությամբ, որը կարելի է ներբեռնել  iTunes App Store and Google Play -ից  IOS կամ Android համակարգով աշխատող բջջային հեռախոսի միջոցով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից