Վերլուծական 

Երևանի իշխանությունները, ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գործարարների գերին. Համբարյան

analitik.am

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞ւմ գերին է Երևանի քաղաքապետը…

Արդեն չորս օր է՝ ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինելը… Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում… Ինչո՞ւ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում… Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին…

Նախ, սկսենք նրանից, որ աննորմալ երևույթ է, երբ Երևանի քաղաքապետարանն իրեն թույլ է տալիս ստանալ այդպիսի նվերներ… Դա բացահայտ կոռուպցիա է… Ինչպես ասում են՝ «Անվճար պանիրը լինում է միայն թակարդում…»:

Ի՜նչ նվիրատվության մասին է խսքը… Համոզված եմ, որ այս տեսակ նվիրատվություններ անողներն ունեն սեփական շահերը և սպասելիքները քաղաքապետարանից, որի ապացույցները նույեմբերի 28-ին ներկայացրեց հենց քաղաքապետարանը՝ հրապարակելով այն 5 կազմակերպությունների անունները, ովքեր մայրաքաղաքին նվիրել են 21 աղբատար մեքենա…

Այսպես, Երևանի քաղաքապետարանին 14 մեքենա նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2019 թ-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել… Այս բացահայտումից հետո որևէ մեկը կարող է հայտարարել, որ այդ 14 մեքենաները վերը նշված ընկերությունն առանց հետին մտքերի է նվիրել մայրաքաղաքին… Իհարկե՝ ո՛չ… Այս ամենից բացահայտ կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս… Ինչպե՞ս կարող էր ընդամենը սույն թվականի հունվարին գրանցված կազմակերպությունը, որն, ըստ օդում կախված տեղեկությունների, չունի շինթույլտվություն, հենց այնպես Երևանում բուռն շինարարական գործունեության թույլտվություն ստանալ…

Ենթադրում եմ, որ «Ն և Ս Քոնսթրաքշն»ՍՊԸ-ն այդ ամենը վաստակել է՝ 14 աղբատար մեքենա նվիրելով քաղաքապետարանին…

Խիստ կասկածելի էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքն այն հարցին, թե արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը ևս աղբատար մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին… Պարոն Մարությանը պատասխանեց, որ չի հիշում, իսկ նոյեմբերի 28-ին իր «խնչագետ» մամլո խոսնակը, անցնելով բոլոր բարոյական սահմանները, փորձում էր հասարակությանը համոզել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին 3 աղբատար է նվիրել, Սամվել Ալեքսանյանինը չէ և դա ապացուցում էր նրանով, որ վերը նշված կազմակերպության հիմնադիրն այլ մարդ է… Տեսնե՞ս՝ «խնչագետ» նախկին լրագրողն իր ասածին գոնե հավատում է… Տխրեցնեմ նրան և հիշեցնեմ, որ նույն Ալեքսանյանը երբեք չի հերքել, թե իրականում ո՛վ է կանգանծ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետևում…

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը պարոն Ալեքսանյանին և մյուս գործարարներին, ովքեր ևս աղբատար մեքենաներ են նվիրել Երևանի քաղաքապետարանին ինչ-որ ձևաչափով շնորհակալություն հայտնի, ինչպես ասենք «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հայտնեց՝ թույլ տալով վերջինիս մայրաքաղաքում կառուցել 6 հատ 18 հարկանի շենքեր…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանություններին արդարացիորեն քննադատում էր որոշ գործարարների և օլիգարխների գերին լինելու համար, որոնք հովանավորում էին իշխանավորներին՝ դրա դիմաց ստանալով այն ամենն ինչ ցանկանում էին… Սակայն վերջին սկանդալային բացահայտումները կապված Երևանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացված 21 մեքենաների հետ` ապացուցում են, որ Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի փոխվել…

Երևանի իշխանությունները, ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գերին այն գործարարների, որոնք աղբատարներ են նվիրել քաղաքապետարանին…

Հ.Գ. Համոզված եմ, որ այդ նվեր ստացած «զիբիլի ավտոների» սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Տեսնենք, երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու, և ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունց փրկելու Հայկ Մարությանին…»:

Նույն շարքից