Օհայոյի համալսարանն իր կայքից հեռացրել է Մարսում հայտնաբերված «միջատների» մասին հոդվածը։ Այն հեռացվել է նաև «EurekAlert» գիտական լուրերի պորտալից։ Կայքի պատասխանատուները հայտարարել են, որ հոդվածը հեռացրել են հեղինակի պահանջով։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Հիշեցնենք, որ հոդվածում տեղի էին գտել միջատաբան Ուիլյամ Ռոմոզերի ուսումնասիրության արդյունքները։ Նա ուսումնասիրել է Curiosity-ի կողմից Կարմիր մոլորակում արված լուսանկարները։

Գիտնականը հայտարարել է, որ լուսանկարներում առկա մի շարք օբյեկտներ արտաքին տեսքով նման են միջատների։ Մասնավորապես, դրանցից մի քանիսի մոտ նկատվում է «մարմնի» երեք մասի բաժանում, ինչպես ցամաքային միջատների մոտ։
Ուսումնասիրության հեղինակը չի հրաժարվել իր վարկածից, նա հայտարարել է, որ պարզապես հոգնել է լրագրողների ուշադրությունից․ «Նա այլևս չի ցանկանում շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ նշյալ ուսումնասիրության հետ կապված։ Դրա համար մենք որոշեցինք հեռացնել հոդվածը մեր կայքից»,-ասված է «EurekAlert»-ի կողմից տարածած հայտարարության մեջ։