Տորոնտոյի Զորյան ինստիտուտը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը 1915-1916. ապացույց Գերմանիայի արտգործնախարարության արխիվից» գրքի անգլերեն
տարբերակը:
Գերմանացի լրագրող, պատմաբան և թարգմանիչ Վոլֆգանգ Գուստը, ով կազմել և խմբագրել է գիրքը, խոսելով գիրքը ստեղծելու մասին, պատմել է, թե ինչպես է ապշել` տեղեկանալով, որ Գերմաիան լուռ է մնացել Եվրոպայի ծայրում զանգվածային սպանությունների իրականացման ժամանակ: «Այս ցեղասպանությունը գերմանացիները ոչ ծրագրել են, ոչ էլ իրականացրել, սակայն այն լայնորեն ընդունվել է նրանց կողմից: Կայսերական Գերմանիան երիտթուրքերի ամենամոտ դաշնակիցն էր և նրանց հետ ուներ ռազմական պաշտոնական դաշինք: Հարցերի հարցը հետևյալն է. Արդյո՞ք կայսերական Գերմանիան գործող ուժ էր հայերի Ցեղասպանության ժամանակ կամ, միգուցե, այդ մտքի հեղինա՞կն էր, ինչպես պնդում են գերմանացի շատ պատմաբաններ»,- նշում է Գուստը:
Գիրքը պարունակում է հարյուրավոր նամակներ, հեռագրեր ու զեկույցներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գերմանացի պաշտոնյաներն ուղարկել են իրենց երկրի արտգործնախարարություն: Այս փաստաթղթերն անհերքելի փաստեր են ներկայացնում Ցեղասպանությունն իրագործելու երիտթուրքերի մտադրության և դրա մասին գերմանական պաշտոնյաների տեղյակ ու հանցակից լինելու վերաբերյալ:
Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի պաշտոնյաները դարձան Ցեղասպանության ամենակարևոր ականատեսները: Փաստաթղթերը, որոնք տեղ են գտել գրքում, մշտապես եղել են ներքին օգտագործման համար և չեն հրապարակվել:
Գիրքն արդեն հրատարակվել է գերմաներեն և թուրքերեն ու հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Թուրքական հայտնի Hurriyet Daily News-ը գրքի վերրաբերյալ գրել էր. «Եթե դու կարդում ես գիրքը և նայում ես փաստաթղթերը, եթե դու մեկն ես, ով խնդրին ծանոթանում է այս գրքի միջոցով, ապա անհնար է, որ դու չհավատաս ցեղասպանությանն ու չարդարացնես հայերին»: