Մշակույթ 

Իտալացի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունիի առաջին ցուցահանդեսը Հայաստանում

analitik.am

Հայաստանում է գտնվում իտալացի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունին, ում անհատական ցուցահանդեսը կկայանա վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ՀՀ Նախագահի հովանու ներքո: Հանրաճանաչ արվեստագետը, ինչպես այսօր նշեց լրագրողների հետ հանդիպմանը, առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն ինչ հասցրել է տեսնել, շատ է հավանել: Նա ընդգծեց, որ հայ և իտալական մշակույթների միջև շատ ընդհանրություններ է տեսնում:

«Օրինակ՝ ես շատ հայերի նման էմիգրանտ եմ, հայրենիքս Իտալիան է, բայց ներկայումս ապրում եմ Գերմանիայում: Մեր մշակույթների նմանությունը առաջին հերթին բխում է նրանից, որ երկու ազգերն էլ քրիստոնյա են, մեր մտածելակերպն է իրար նման ու դա արտացոլվում է արվեստի մեջ: Օրինակ՝ Ազգային պատկերասրահում ես տեսա որմնանկարներ, որոնք շատ նման են իտալականին: Ցավոք, այդքան լավ չեմ ճանաչում Հայաստանը, կփորձեմ այս օրերի ընթացքում շրջել Հայաստանով ու ավելի շատ պատկերացում ու գիտելիքներ ստանալ»,-ասաց նա:

Խոսելով իր աշխատանքների մասին՝ Բրունո Բրունին նշեց, որ դրանք շատ ընթեռնելի են, և ցանկացած մարդ կարող է հասկանալ դրանք:

Հարցին, թե ըստ իր գնահատականի, ինչպիսի՞նն է այսօր իտալական նկարչությունն ու քնադակագործությունը, նա պատասխանեց. «Իտալիայի արվեստը հայտնի է վերածննդի շրջանից՝ Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո: Շատերը փորձում են մոռանալ Իտալիայի արվեստի ամենակարևոր հատվածը, բայց ես ամեն դեպքում շարունակում եմ սովորել իրենցից ու վերադառնում եմ հին իտալական վարպետներին ու փորձում եմ դասեր քաղել»,-ասաց նա:

Նկարիչը հանդիպում կունենա հայ արվեստագետ ուսանողների հետ և կկիսվի նրանց հետ իր վարպետության գաղտնիքներով:

Նշենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 2-ը: Այն կազմակերպել է «Ռենկո» ընկերությունը:

Նույն շարքից