Մշակույթ 

Հուլիսի 13-20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ, Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ-ն հուլիսի 13-20-ը կանցկացնի «Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:

Այսօր կայացած ասուլիսին մանրամասներ ներկայացնելով կինոփառատոնի վերաբերյալ՝ կազմակերպիչներն ասացին, որ այն նվիրված է լինելու Սերգեյ Փարաջանովին՝ նրա 90 ամյակի կապակցությամբ:

«Ե՛վ բացումը, և՛ փակումը լինելու է մեծ ռեժիսորի ֆիլմերով»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ նշեց, որ այս տարի կինոփառատոնին մասնակցության աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել:

«1500 հայտ է ներկայացվել՝ թվով 101 երկրներից: Ամենաէկզոտիկ երկրներից էլ հայտեր ունենք»,-տեղեկացրեց Միքայել Ստամբոլցյանը՝ շարունակելով, թե ամենաշատ ֆիլմերի հայտեր ստացվել են Գերմանիայից՝ 141 ֆիլմ: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, ապա՝ Իտալիան, Ֆրանսիան, Իրանը և Հայաստանը:

«Հայաստանը կինոփառատոնին ներկայացնելու է 59 ֆիլմ»,-ասաց Միքայել Ստամբոլցյանը՝ ապա հավելեց, թե ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կինոփառատոնի ծրագրերը նույնն են՝ 4 մրցութային ծրագիր, ինչպես նաև՝ արտամրցութային ծրագրեր:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին ասաց, թե «Ոսկե ծիրանի» օրերին Երևանը վերածվում է մշակութային խաչմերուկի:


Նույն շարքից