Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչ փուլը:
Մրցույթի եզրափակիչ փուլում հանդես կգան 26 մասնակից-երկրներ՝ 10-ական մասնակիցներ՝ առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներից, «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա և 2013թ.-ին մրցույթում հաղթած և «Եվրատեսիլը» Կոպենհագեն տարած Դանիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ մեր մասնակիցների հետ միասին առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ փուլ են անցել նաև Ռուսաստանը, Մոնտենեգրոն, Հունգարիան, Ադրբեջանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան, Հոլանդիան և Իսլանդիան, իսկ երկրորդ կիսաեզրափակչից՝ Շվեյցարիան, Սլովենիան, Լեհաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Հունաստանը, Մալթան, Բելառուսը, Ֆինլանդիան, Ավստրիան:
Հիշեցնենք նաև, որ մեր մասնակից Արամ MP3-ն մրցույթի հաղթողի հիմնական ֆավորիտներից է: Ճիշտ է, վերջին օրերին բուքմեյքերները մեր մասնակցի շանսերը երկրորդն են համարում՝ առաջին տեղը տալով Շվեդիայի մասնակցին, բայց Արամ Mp3-ն շարունակում է մնալ մրցույթի հաղթողի հիմնական հավակնորդը:
Մենք ևս մեկ անգամ հաջողություն և լավ ելույթ ենք ցանկանում մեր մասնակցին, իսկ Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում միասնաբար քվեարկել մեր մասնակցի օգտին: