Այսօր ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում տեղի ունեցավ «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մի շարք վաստակաշատ անձինք եւ բարձրաստիճան այրեր:
Մայիսի 12-ից 22-ը Երեւանի եւ մարզերի մշակութային կյանքում հայ ստեղծագործող երիտասարդները, համախմբվելով մեկ տանիկի ներքո, իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հանրությանը: Նկատենք, որ «Արտ Ֆեստ» փառատոնն իր մեջ է ընդգրկում մի քանի ոլորտներ՝ թատերական արվեստ, կինոարվեստ եւ կերպարվեստ:
«ԱՐՏ ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց. «Մասնակիցներին ընտրում ենք տարիքային նկատառումներից ելնելով: Փառատոնին մասնակցելու համար 18-ից 35 տարեկան երիտասարդները կարող են ներկայացնել իրենց ստեղծագործությունները:
Մեր նպատակը մեկն է հնարավորություն տալ երիտասարդներին ցուցադրելու իրենց շնորհքը: Մենք երիտասարդներին տալիս ենք հարթակ, որպեսզի նրանք կարողանան արտահայտվել եւ ինքնհաստատվել, ինչու ոչ նաեւ իրար ճանաչել»:
Գրող, կինոգետ, ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանն էլ նկատեց. «Երտասարդները պետք է սկսեն գործել եւ հայտարարել իրենց մասին: Այս ամենի մեջ լավն այն է, որ նրանց առայմ տրված է նաեւ սխալվելու իրավունք: Վերջին հաշվով արվեստագետները կարող են հետաքրքիր, տաղանդավոր եւ անսպասելի կերպով սխալվել, սրանում է կայանում դրա յուրահատկությունը: Հենց այդ սխալն է, որ ինչ-որ մի բանի սկիզբ է հանդիսանում: Գտնում եմ, որ պետք է դուրս գանք ստանդարտներից»:
Դե իսկ փառատոնի տնօրեն Էդիկ Բարսեղյանն էլ ասաց. «Անցած տարվա համեմատ ունենք հայտերի անհամեմատ աճ, ինձ համար, որպես տնօրենի սա շատ կարեւոր փաստ է: Ունենք 155 հայտ եւ ավելի քան 200 մասնակից: Ակտիվ են մասնակցում Գյումրիի, Կոտայքի, Լոռու մարզերը, Երեւանի մշակութային տները: Փառատոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն բացառիկ է մեր մշակութային կյանքում: Հավաքվելով մեկ տանիքի տակ նորանոր ստեղծագործություններ եւ մտքեր են կյանքի կոչվում»:
Լիլիթ Կարապետյան