Գիտություն 

Գույների հոգեբանությունը

Հոգեբանները հավաստիացնում են, որ գույներից յուրաքանչյուրը մարդու վրա ազդում է յուրովի: Դիտարկենք առանձին գույների հոգեբանական ազդեցությունները:



Սև գույնը սովորաբար դիտվում է որպես իշխանության, ուժի և կայունության խորհրդանիշ: Միևնույն ժամանակ, սև գույնը դիմացինին փոխանցում է ինչ-որ հնարավորություն պարունակող գաղտնիք կամ անհանգստանալու տեղիք չտվող անորոշության զգացում:

 

 

Ապիտակը նշանակում է մաքրություն, պարզություն և հստակություն: Այն նաև որևէ այլ գույն չլինելու այլընտրանքն է և, այս իմաստով, արտահայտում է չեզոքություն:

 

 

Մոխրագույնը խորհրդանշում է գործնական հարաբերություններ և շարունակական գործընթաց: Մոխրագույնը թերևս ամենահաճախ օգտագործվող և այլ գույների հետ համադրվող գույնն է, սակայն, որքան էլ զարմանալի է, մարդիկ հաճախ մոխրագույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության և ընկճվածության հետ:

 

 

Կարմիրը խթանող և ուշադրությունը գրավող գույն է, որն իր մեջ պարունակում և դիմացինին փոխանցում է էներգիա, ոգևորություն և ինքնավստահություն: Կարմիրը նաև կյանքի և աշխուժության խորհրդանիշն է: Պարզվում է, որ կարմիրը խթանում է մարդու ե՛ւ միտքը, ե՛ւ մարմինը (օրինակ, ակտիվացնում է արյան շրջանառությունը):

 

 

Վարդագույնը պարգևում է հանգստություն և խաղաղեցնում է բոլոր հույզերը: Այն նաև սիրո, ռոմանտիկայի և նվիրական զգացումների երանգն է:

 

 

Կապույտը թերևս մարդկանց կողմից ամենասիրված գույնն է: Բաց կապույտն ունի հանգստացնող ազդեցություն, այնինչ մուգ կապույտը կարող է արտահայտել սառնություն, իսկ էլեկտրական կամ բրիլիանտ կապույտը՝ աշխուժություն: Որոշ դեպքերում կապույտը նաև խորհրդանշում է կախվածություն, անվստահություն և օգնության կարիք: Որոշ հետազոտողների կարծիքով բաց կապույտի որոշ երանգներ ունեն ցավազրկող ազդեցություն:



Կանաչը մարդկանց կողմից ընդունելի լինելու առումով զիջում է միայն կապույտին: Այն կենդանի բնության և թարմության, նաև՝ հավասարակշռության, իսկ որոշ երկրներում՝ նաև փողի խորհրդանիշն է (ԱՄՆ դոլար): Մուգ կանաչը պահպանողականության, հզորության և հարստության նշան է, որին հակառակ, բաց կանաչը (սալաթագույն) ունի հանգստացնող և տագնապամարիչ ազդեցություն: Կանաչ երանգները դիմացինին փոխանցում են խաղաղության, ներդաշնակության և հարմարավետության զգացումներ:

 

 

Դեղինը ասոցիացվում է արևի, խինդի, երջանկության, ուրախության, իսկ ոսկեգույնը՝ նաև լավատեսության հետ: Դեղինն օժտված է նաև հոգեխթանիչ և հաղորդակցվելը հեշտացնող ազդեցություններով: Սակայն, դեղինի որոշ երանգներ կարող են խորհրդանշել երկչոտություն, նախանձ և չկամություն:

 

 

Նարնջագույնն ամենավառ երանգն է, որը հաճախ ասոցիացվում է հաճելի ժամացի, երջանկության, ջերմության և աշխուժության հետ: Նարնջագույնը նաև ամենահակասական գույնն է, և եթե որոշ մարդկանց շրջանում նարնջագույնը խորհրդանշում է սեր և ջերմություն, ապա մյուսների մոտ այս գույնը կարող է հարուցել ատելության զգացում: Նարնջագույնն, ընդհանուր առմամբ, ունի դրդիչ ազդեցություն և օժանդակում է շփումների ստեղծմանը:

 

 

Մանուշակագույնը հավասարակշռում է կարմիր գույնի խթանող և կապույտի հանգստացնող ազդեցությունները: Այն համարվում է արքայական գույն և խորհրդանշում է հարստություն և բարգավաճում: Մանուշակագույնը նաև ասոցիացվում է ուղեղը և նյարդերը հանգստացնելու, բայց և՝ ստեղծագործական կարողությունների վերելքի, աշխուժության և անգամ հրաշքի ու մոգության հետ:

 

 

Շագանակագույնը խորհրդանշում է վստահություն, երկրագնդի հետ կապվածություն և կայունություն:


Նույն շարքից