Գիտություն 

Օգտակար հատկություններով շատ հարուստ բողկի մասին

Մենք՝ բոլորս էլ, մեր առողջության համար մտածում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել, երբ այլևս ելք չկա: Շատ հաճախ մոռանում ենք, որ եթե ցանկանում ենք առողջ լինել, ոչ ոք մեզանից առավել սրտացավ չպետք է լինի դրա համար:

 

Մի շարք խնդիրներ կարելի է լուծել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք որպես այդպիսին դեռ չեն էլ ձևավորվել: Ընդամենը առողջ սննդով մենք կարող ենք ապահովագրել մեզ այն ամենից, որը կարող է վաղը կամ մյուս օրը սպառնալ:

 

Եկեք մի պահ հիշենք, թե ինչ էին մեր տատիկներն ասում և շարունակում մինչ օրս ասել: Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ բոլոր տատիկներն էլ սիրում են բողկ և նույնիսկ մեզ ստիպում «սիրել»:

 


Ժողովրդական բժշկության մեջ բողկն իր առանձնահատուկ տեղն ունի: Հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվել է մարդկության կողմից, քանի որ այն իր մեջ պարունակում է մեր օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ու օգտակար նյութեր, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը: Այն իր մեջ պարունակում է նաև B, C, PP և այլ վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի և այլ օրգանների առողջության համար:

 

Բողկի օգտակար հատկությունները բազմազան են. այն գրգռում է ախորժակը, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում մարսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է մրսածության, սակավարյունության և հազի դեպքում: Այն պրոֆիլակտիկ միջոց է հանդիսանում աթերոսկլերոզի ժամանակ, շատ օգտակար է խոլեցիստիտի, լյարդի բորբոքման ժամանակ: Այն բարձր է գնահատվում որպես միզամուղ միջոց:

Կան բողկի շատ տեսակներ` սև, սպիտակ, կարմիր, կանաչ, որոնք էլ իրենց հերթին ունեն իրենց տարատեսակները: Բոլորն էլ առողջության համար լավ են, բայց ավելի օգտակար է սև բողկը: Սև բողկը պարունակում է B1 վիտամին, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության և այլն: Բողկի բոլոր տեսակներն էլ նպաստում են վահանագեղձի նորմալ աշխատանքին, սպանում են աղիների վնասակար միկրոֆլորան: 

Նույն շարքից