Բոլորիս շատ սիրելի հեռուստացույցներն այդքան էլ անվտանգ չեն: Իսկ մեր փոքրիկների ամենասիրելի զբաղմունքներից է ժամերով հեռուստացույց դիտելը: Մինչդեռ հենց երեխաների դեպքում երկնագույն էկրանի վտանգն ավելի մեծ է: Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունները կվախեցնեն հատկապես ոչ ակտիվ երեխաների ծնողներին:
Ուսումնասիրելով, թե ինչպիսի ազդեցություն ունի նստակյաց կյանքը երեխաների առողջության վրա, գիտնականները պարզել են, որ երկնագույն էկրանը երեխաներին սպառնում է սրտային հիվանդություններով:
Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների առաջնակարգ հետազոտողներն ուսումնասիրել են 6-19 տարեկան շուրջ 2500 երեխաների ու պատանիների և պարզել, որ այն երեխաները, որոնք մի քանի ժամ անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ունեն խոլեստերինի շատ բարձր մակարդակ, ինչը կարող է տարբեր տեսակի հիվանդությունների՝ կաթվածի, շաքարախտի և սրտային ու թոքային խնդիրների պատճառ դառնալ:
Հետազոտողները խորհուրդ են տալիս, եթե փոքրիկներին չեք կարողանում զրկել էկրանին հետևելու գայթակղությունից, ապա գոնե ժամանակ առ ժամանակ ստիպեք 10-15 րոպե քայլել կամ խաղալ. Սա կնվազեցնի նստակյաց կյանքի վատ հետևանքները: