Հայաստանում ուռուցքաբանությունը գտնվում է ողբալի վիճակում, և քիչ թե շատ վճարունակ որևէ հիվանդ նման հիվանդություն ունենալու դեպքում իր առողջությունը չի վստահի հայ մասնագետներին:
Այս մասին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ հակաուռուցքային պրեպարատների ու դեղերի այն նմուշները, որոնք բերվում են եվրոպական երկրներից, և նրանք, որոնք Հայաստանում մատակարարում են մեկ-երկու ընկերություններ, հիվանդների վրա իրենց ազդեցության տեսակետից խստագույնս տարբերվում են:
Ավելին՝ պատգամավորը առողջապահության նախարարին խորհուրդ տվեց խմել սովորական «Նուրոֆեն» կամ «Ադվիլ» Եվրոպայից և գլխացավը կանցնի և խմել հայաստանյան դեղատնից գնվածը՝ գլխացավը կկրկնապատկվի:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց նաև, որ որևէ կասկած չունի, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր շենքը «վիզուալ առումով» շատ լավը կլինի և հարցրեց, թե ինչ է արվում, որ դրանում մատուցվող բուժական ծառայությունների որակը նույնքան լավը լինի:
Նախարար Արմեն Մուրադյանն ի պատասխան նկատեց, որ տարեկան ամբուլատոր պայմաններում շուրջ 20 000 հիվանդների և հիվանդանոցային պայմաններում՝ 11 000 հիվանդների բուժումն իրականացնող Ուռուցքաբանության ազգային կենտրոնը արդիականացման կարիք ուներ:
Առողջապահության պատասխանատուն նկատեց նաև, որ միայն չափորոշիչների ու ուղեցույցի հաստատումից հետո հնարավոր կլինի «համեմատել համեմատելիները»:
Ինչ վերաբերում է դեղերին, ապա դրանք, ըստ նախարարի , անցնում են փորձաքննություն ՀՀ մտնելուց առաջ: