Առողջապահություն 

61-ամյա կնոջ մահվան համար հարազատները մեղադրում են ՀՀ գլխավոր քիմիաթերապևտին

Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիայի առաջին կուրսն ստանալուց 10 օր անց, մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մահվան պատճառը, ըստ դիահերձման արձանագրության, եղել է «լյարդի անբավարարությունն» ու «լյարդի ցերոզը»:


 
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց մահացած կնոջ որդին, ով համոզված է, որ մոր անժամանակ մահվան պատճառն իրականում ոչ թե հայտնաբերված քաղցկեղային նորագոյացությունն է եղել, այլ դրա դեմ նրան բուժող բժշկի նշանակած բուժումը, որն էլ, ըստ նրանց, ազդել է լյարդի վրա:


 
Բուժող բժիշկն, ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը, ում դեմ մահացած կնոջ որդին արդեն բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ մայրը՝ Սվետլանա Պետրոսյանը, առանց լյարդի պատշաճ հետազոտության, քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանի կողմից ս/թ մարտի 2-ին քաղցկեղի դեմ կատարված քիմիաթերապիայի հետևանքով մարտի 12-ին մահացել է՝ լյարդային անբավարարության պատճառով:


 
61-ամյա կինը ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել այս տարվա փետրվարին, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել:


 
Մինչ քիմիաթերապիայի կուրս ընդունելը, սակայն, կինը, բժշկի նշանակմամբ, 1 ամիս դեղորայքային բուժում է ստացել, քանի որ նրա արյան ցուցիչները նորմայից շեղված են եղել:
 


Նույն ժամանակահատվածում կատարված համակարգչային տոմոգրաֆիան էլ լյարդի վրա 1սմ-անոց անհայտ գոյացություն է արձանագրել: Այն, որ կինը լյարդի խնդիր է ունեցել, իր եզրակացության մեջ, հարազատների խոսքով, նշել է նաև ինքը՝ քիմիաթերապևտը՝ իր կազմած փաստաթղթերում գրելով՝ «խրոնիկ հեպատիտ»:


 
Եվ այդուհանդերձ, բժիշկը շարունակել է պնդել քիմիաթերապիայի անհրաժեշտության վրա: «Բայց դրան ուշադրություն չի դարձնում մեր բժշկուհին, և քանի որ արյան անալիզներն արդեն կարգավորված են լինում, քիմիաթերապիա է նշանակում: Ուղարկում է մեզ Կիևյանի դեղատուն, որպեսզի գնենք քիմիաթերապիայի համար «Դոցետաքսել» 160 000 դրամանոց դեղը»:


 
Մարտի 2-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում Սվետլանա Պետրոսյանը շուրջ 2.5 ժամ տևողությամբ ընդունում է քիմիաթերապիայի առաջին կուրսը, որի համար, ի դեպ, ինչպես որդին հայտնեց բժիշկն իրենցից 40 000 դրամ է պահանջում և ստանում՝ չսպասելով նույնիսկ արդյունքներին: Իսկ քիմիաթերապիայից անմիջապես հետո հիվանդին տուն են ուղարկում՝ ասելով, որ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկա:


 
Տանը, սակայն, 6 oր անց հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, ջերմությունը բարձրանում, կինը դժվարանում է քայլել, խոսել ու շնչել, վերջույթներն աստիճանաբար կապտում են: Հարազատները նրան դարձյալ տանում են հիվանդանոց, որտեղ ներարկումներ են նշանակում: Բայց դրանք, հարազատների խոսքով, ոչ մի օգուտ չեն տալիս: 10-րդ օրը կինը մահանում է:


Առավել մանրամասն՝ «Փաստինֆո»-ում:

Նույն շարքից