Այս պահին Հայաստանում թռչնագրիպի վիրուսով վարակման դեպքեր չկան, բայց հարևան Թուրքիայից հիվանդության տարածման վտանգը չարժե թերագնահատել, նշեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Գլխավոր վտանգը չվող թռչուններն են»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ստեփանյանը։
Ըստ նրա` վերջին տասը օրվա ընթացքում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել Թուրքիայի տարածքում։ Մայիսի 7–ին Հայաստանում սկսվել են թռչնագրիպի կանխարգելման և պրոֆիլակտիկայի միջոցառումներ։ Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում թռչունների` փակ տարածքում պահելուն անցնելը և մասնավոր հատվածում գլխաքանակի պատվաստումը։
«Թռչնագրիպը համեմատաբար նոր հիվանդություն է, այն 100 տարվա պատմություն ունի։ Դա սուր վարակիչ հիվանդություն է։ Բացի տնտեսական մեծ վնասից, թռչնագրիպի բռնկումները հանգեցնում են մարդկային զոհերի։ Վիրուսն արագ մուտացիայի է ենթարկվում, ինչը դժվարացնում է շիճուկի ստեղծումը»,– ասաց Ստեփանյանը։
Ըստ նրա` վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում։