Առողջապահություն 

Հոգեբուժության խնդիրներին նվիրված երկօրյա գիտաժողովին մասնակցում են 24 երկրների մասնագետներ

Երևանում անցկացվող հոգեբուժության խնդիրներին նվիրված երկօրյա գիտաժողովին մասնակցում են 24 երկրից 45 մասնակից:



«Այս գիտաժողովը մեզ հնարավորություն կտա ծանոթանալու աշխարհի տարբեր երկրներում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներին և դրանց լուծումներին, այդ թվում՝ խնամքի կազմակերպման գործընթացին»,- գիտաժողովին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը՝ նշելով, թե գիտաժողովի ընթացքում նախատեսված են նաև համաշխարհային առաջատար հոգեբույժների հանդիպումը հայ երիտասարդ հոգեբույժների հետ:



Ասուլիսին ներկա «Սանոֆի» դեղագործական ընկերության մատչելի բժշկության միջազգային ծրագրի փոխնախագահ Ռոբերտ Սեբբակը նշեց, որ Հայաստանում իրականացվելիք ծրագիրը շատ լավ օրինակ է իրենց համար, և որոշել են աշխարհի բոլոր պատկան մարմիններին հրավիրել Հայաստան՝ այս գիտաժողովն անցկացնելու:

 

 

«24 երկրների մասնագետներ են մասնակցում և շատ կարևոր է, որ նրանք իրենց փորձով կիսվեն իրար հետ, տեղեկացնեն, թե ինչ առաջատար տեխնոլոգիաներ ու միջոցներ կան հոգեկան առողջությունը բարելավվելու գործում: Սա փայլուն օրինակ է ծառայելու նաև համագործակցության առումով»,- ասաց Ռոբերտ Սեբբակը:



Վերջինս տեղեկացրեց նաև, որ իրենք հիշատակի տուրք ենք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին:



«Աշխարհի չորս ծայրերից այստեղ մարդկանց բերելը հենց նաև համերաշխություն է իր մեջ ներառում»,- նշեց Սեբբակը:



Հարցին, թե այս գիտաժողովը ինչ կտա ոլորտի խնդիրների բարելավվման համար, ՀՀ գլխավոր հոգեբույժը պատասխանեց. «Փորձի փոխանակում կլինի, արդեն իսկ տեղաշարժ կա, և մինչև տարվա վերջ կունենանք երկու համայնքային խնամքի տներ, դա որոշ չափով կբեռնաթափի հոգեբուժական ստացիոնար հիվանդանոցը: Մոտակա տարիներին պետք է կարողանանք հոգեկան հիվանդներին մոտեցնել հանրությանը, ինտեգրելու նրանց, դրա համար պետք է հանրությունն ընդունի իր զավակներին, չտարանջատելով և ոչ մեկին»:

Նույն շարքից