Առողջապահության նախարարությունը այսօր ամփոփեց հունվարի 1-ից Հայաստանում իրականացվող սքրինինգային ծրագրի 4 ամիսների արդյունքները: Խոսքը մասնավորապես վերաբերում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը: Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, սա պետության կողմից տարվող քաղաքականությունն է մարդկանց առողջության հարցում:
«Հիվանդությունների վաղ հայտնաբերումը և բուժումը, ինչպես նաև մարդկանց առողջության վերականգնումը ուղղակի ազդեցություն է ունենում երկրի տնտեսական զարգացման վրա»,- ասաց նա:
ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշեց, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում բնակչության հիվանդացությունների հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին:
«Մեր երկրում հիվանդացությունների 80%-ը ոչ վարակիչ հիվանդություններն են, որից 50%-ը՝ սրտանոթային հիվանդությունը, 20%-ը՝ չարորակ նորագոյացությունները, 5%-ը՝ շաքարայի դիաբետը: Իրավիճակի թելադրանքով 2010-2011թթ.-ին կառավարությունը ընդունեց հայեցակարգ՝ համաձայն որի նախարարությունը պետք է իրականացներ ոչ վարակիչ հիվանդությունների հանրային իրազեկում, մասսայական հետազոտություններ, մասնագետների կրթում»,- ասաց նա:
Նա նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2015-ի հունվարի 1-ից և մայիսի 1-ի դրությամբ իրականացվել են արյան գլյուկոզային մակարդակի մոտ 56 հազ. հետազոտություն , 80 հազ. զարկերակային գերճնշման և ՊԱՊ քսուքի 7150 հետազոտություններ:
«Զարկերակային ճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման թիրախային խմբում՝ 30-60 տարեկան բոլոր կանայք: Հետազոտությունների տևողությունը եռամյա է, և մեր նպատակն է՝ ծրագրի ավարտին արձանագրել բնակչության 60 %-ի ցուցանիշ»,- ասաց նա: