Առողջապահություն 

Համակարգիչն ու հեռուստատեսությունը ագրեսիայի աղբյուր են, որը ներխուժում է մարդու տուն և ազդում երեխայի առողջության վրա․ հոգեբույժ

analitik.am

Համակարգիչն ու հեռուստատեսությունը ագրեսիայի աղբյուր են, որը ներխուժում է մարդու տուն և ազդում երեխայի առողջության վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբույժ Աննա Բալայանը՝ ընդգծելով, որ ծնողները պարտավոր են հետևել երեխայի խաղերին։
 


«Շատ ծնողներ ասում են, որ լավ է՝ տանը նստած խաղում է, ես էլ իմ գործն եմ անում։ Բայց այսպես չի կարելի, որովհետև դա ազդում է երեխայի առողջության վրա։ Իհարկե, մեր երկրում չէ, բայց աշխարհում եղել են դեպքեր, երբ երեխաները խաղերից հետո հայտնվել են վերակենդանացման բաժնում»,-ասաց նա։

 

 

Խոսելով ներկայումս երեխաների շրջանում տարածում գտած հիվանդություններից՝ մանկաբույժը նշեց, որ այսօր 5 երեխաներից առնվազն 3-ն ունեն ճիճվակրություն։

 


«Եթե տասը տարի առաջ ոջլոտությունն էր տարածված, այսօր ճիճվակրություն է։ Հաբով չես լուծի հարցը, որոնք հատկապես իրենցից տոքսիկներ են ներկայացնում։ Հիգիենա է անհրաժեշտ պահպանել։ Անելիք այստեղ ունեն ծնողներն ու ընտանիքի անդամները»,-ասաց նա։
 



Աննա Բալայանը նշեց, որ եթե երեխային ներքին հագուստը չի արդուկվում, եղունգները ժամանակին չեն կտրվում, իր անձնական անկողինը չունի, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ ճիճու կունենա։

 



«Այս ժամանակաշրջանում ճիճուները շատ ագրեսիվ են և պետք է շատ խիստ հետևել երեխաների հիգիենային»,-ասաց և նշեց, որ այսօր նաև շատ տարածված է աուտիզմը, որի պատճառը պարզ չէ։

 

 

«Իմ ուսանող եղած տարիներին, մենք այս հիվանդության մասին շատ քիչ բան ենք սովորել։ Իսկ հիմա այնքան շատ են այս հիվանդությամբ ծնված երեխաները։ Ի՞նչն է պատճառը։ Միգուցե, օդը, ջուրը կամ համակարգիչները, դժվար է իմանալ»,-ասաց նա։

Նույն շարքից