Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ալյուրի՝ երկաթով և ֆոլաթթվով հարստացման ծրագիրը պարտադիր է՝ կանխելու արատներով ծնվող երեխաների թիվը, որը տարեցտարի մեծանում է:
Նա ներկայացրեց վիճակագրություն, որ 700-800 երեխա ծնվում է արատներով, և դրա կանխումը ոչ միայն հղիության ընթացիկ աշխատանքներով է պայմանավորված, այլ նաև ողջ վերարտադրողական տարիքի ընթացքում:
«Երեխաներից 150-ից ավելին ծանր արատով է ծնվում, որը նյարդային խողովակի արատն է. դրա հիմնական պատճառը վիտամին B9-ի պակասն է: Փորձում ենք հղիների հետ աշխատանքը խստացնել, մատչելի դեղորայք ապահովել, բայց ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ հղիների 2%-ը անհրաժեշտություն ունի B9 վիտամինի, կամ ֆոլաթթվի»,-ասաց նա:
Ալյուրի հարստացման ծրագիրը, ըստ նախարարի, առաջին փուլով ավարտվում է, մինչդեռ որոշ «դիլետանտներ» փորձում են ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ կանխել այն և հետաձգել:
«Դիլետանտային մոտեցում է, որ այս ծրագիրը չիրականացվի, իսկ թե ինչու՝ պատճառները պետք է ձեզ հետաքրքիր լինի: Ինչո՞ւ են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր իրենց հռչակում են թե տասը հազար են, երկու հանրահավաք են անում՝ մեկը ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, մյուսը՝ Մաշտոցի պուրակում ու ասում, թե տասը հազար մարդ են, բայց հավաքվում են 15 հոգի: Ես կուզեի տեսնել, լսել այդ տասը հազար մարդկանց, բացատրություն անձամբ տալ և վստահությունը լինի մասնագիտական դաշտին, այլ ոչ թե կեղծ գիտական հիմնավորումներին»,-ասաց նա:
Նախարարը հավատացրեց, որ եթե ամենայն պատասխանատվությամբ ասում է, որ որևիցե պաշտոն, որևիցե նախագիծ չարժե նման ծրագրի արժեքը թերագնահատելու:
«Բայց այս 6 տարվա ընթացքում 2009թ-ից ինչ քննարկում ենք, տարեկան Հայաստանում ծնվել է համապատասխան քանակությամբ արատավոր երեխաներ, և այդ երեխաների ծնողների երեսին նայելով՝ ամեն անգամ պետք է հիշել, որ փոքրոգություն ենք անում, որ մենք այս ծրագիրը հետաձգում ենք ինչ-ինչ պատճառներով. առանձին մի քանի տասնյակ մարդիկ փորձում են ծրագիրը հետաձգել, իսկ թե ինչու՝ պատճառները թողնում եմ ձեր հայեցողությանը»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանը նշեց, թե աշխարհի շատ երկրներ այդ աշխատանքներն իրականացնում են տարբեր ուղղություններով, որոնց մի մասը կաթնամթերքն է հարստացնում այդ միկրոէլեմենտներով, իսկ 82 երկիր ընտրել է ալյուրի հարստացման ճանապարհը:
«Մենք գնացինք ալյուրի հարստացման ճանապարհով, որը բավականին մեծ քննարկումների առարկա դարձավ: Բայց ես կուզեի բոլորիդ կոչ անել՝ հենարան վերցնել խորը, մասնագիտորեն ապացուցված, աշխարհում ընդունված մեթոդաբանությունները և ոչ թե հուզական և կեղծ գիտական մոտեցումը, այն էլ՝ հիմնված բիզնես մոտեցումների վրա»,-ասաց նա և կոչ արեց, թողնել դաշտը մասնագետներին:
«Ես կարծում եմ, որ գիտական խորհուրդները՝ ԳԱԱ, Բժշկական համալսարանը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Արյունաբանության կենտրոնը, բոլոր մեր կենտրոնները, որ հագեցած են ժամանակակից գիտական ներուժով՝ իրենց գիտական խորհուրդներում քննարկումներ են ծավալել և պայմանը եղել է մեկը բոլորի հանդեպ՝ անաչառ օբյեկտիվ քննարկումներ կազմակերպել, խիստ հիմնավորված տեսակետներ հայտնել և որևիցե տեսակի կողմնապահություն չդրսևորել այս հարցում՝ հաշվի անելով հարցի կարևորությունը: Կարծում եմ՝ շուտով դուք կլսեք գիտական ներուժի , ինչպես նաև միջազգային փորձագետների կարծիքը, իսկ հավաստիության և վստահության գործակիցն ավելի բարձր կլինի երկրում նման ծրագրերի վերաբերյալ, որոնք կառավարելի են պահում առողջությունն այն մասով, որը կոչվում է ոչ վարակիչ»,-ասաց նա և հավելեց, թե վարակիչ հիվանդությունների մասով արդեն կառավարելիությունը պահվում է, և մահացությունը հասցվել է 1%-ի:
Մահացությունների 90%-ը, ըստ նրա, պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով՝ սիրտ անոթայինն է գրեթե կեսը, ուռուցքային հիվանդություններ 20%, շաքարային դիաբետ և այլն:
Իսկ թե ինչու են որոշ երկրներ հրաժարվում ծրագրից, նախարարը նշեց, որ նրանք, որոնք չեն գնացել այս ճանապարհով, այդտեղ « բռերով հաբեր են խմում», ինչը նրանց առողջապահական մարմինների համար լրջագույն խնդիր է:
Մեր հարցին, թե ինչու բնակչությունը առողջապահական համակարգին չի հավատում, նախարարը հակադարձեց, թե ինքը այդպես չէր մեկնաբանի, որ բնակչությունը չի վստահում իրեն կամ համակարգին:
«Ես կասեի, որ վստահությունը մասնագիտական դաշտում սա անկյունաքարային հատվածն է բժշկության մեջ»,-ասաց նա: