«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին, ով հայտնի է իր բռնկուն բնավորությամբ, կխաղա ռուսական «Rock & Road» road-movie–ում։ Նախատեսվում է ֆիլմում նկարահանվելու համար հրավիրել նաև Միկի Ռուրկին։ Նկարահանումները պետք է սկսվեին Մեծ Բրիտանիայում մայիսի վերջին, սակայն նկարահանման խմբին վիզա չեն տրամադրել, տեղեկացրել է ռեժիսոր Գրիգոր Գարդուշյանը կինոնախագծերի պաշտպանության ժամանակ, որը երկուշաբթի անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում։
«Նկարահանումները պետք է սկսվեին այս տարվա մայիսի 25–ին։ Մենք սկսում էինք Անգլիայից, սակայն կամ հայտնվեցինք պատժամիջոցների ցանկում, կամ չգիտեմ ինչու մեզ վիզա չտվեցին։ Այդ պատճառով մենք վիզայի համար կրկին փաստաթղթեր ենք ներկայացրել, սակայն Անգլիայի նկարահանումները նկարահանման գործընթացի վերջ ենք տեղափոխել։ Հիմա մենք մայիսի վերջին նկարահանումները կսկսենք Պետերբուրգում», – նշել է Գարդուշյանը։
Ֆիլմում կնկարահանվի «Տաքսի» հայտնի ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին։ Նա հայտնի է ոչ միայն իր կինոաշխատանքներով, այլ նաև նրանով, որ մշտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Իր պոռթկուն բնավորությամբ հայտնի Նասերին բազմիցս մեղավոր է ճանաչվել խուլիգանության, ծեծկռտուքի, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, արագության գերազանցման և այլ իրավախախտումների մեջ։ Նա մի քանի անգամ դատապարտվել է ազատազրկման։ Մասնավորապես, 2011 թ.–ին նա դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման դանակահարության համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Բացի այդ, «Rock & Road» ֆիլմում նկարահանվելու համար նախատեսվում է հրավիրել Միկի Ռուրկին։