Մշակույթ 

Երևանում տեղի կունենա Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին նվիրված երեկո

Հինգշաբթի Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում տեղի կունենա երեկո, որը նվիրված է հայտնի արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին։



«Երեկոյին ելույթ կունենա Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Երևանի պետական կրկեսի և էստրադայի արտիստները։ Հետաքրքիր ծրագրի ընթացքում կներկայացվեն մանրապատումներ, կհնչեն երգեր այն ֆիլմերից, որտեղ նկարահանվել է Ենգիբարյանը, իսկ մարդիկ, ովքեր հիշում են վարպետին և աշխատել են նրա հետ, կկիսվեն իրենց հիշողություններով», – հաղորդում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։



Երեկոն կազմակերպել են Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։ Տեսանյութերի հեղինակն ու երեկոյի վարողն է հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը։ Միջոցառումը կսկսվի ժամը 19։00–ին։ Մուտքն ազատ է։



Երեկոն կազմակերպվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ։



Լեոնիդ Ենգիբարյանը (1935-1972), ով հանդես է եկել «տխուր ծաղրածու» ամպլուայով, կրկեսի պատմության մեջ ներառվել է որպես մնջախաղի փիլիսոփայության վառ ներկայացուցիչ։



Արտիստի առանձնահատուկ անձն ու ստեղծագործական ուղին ոգեշնչման աղբյուր են դարձել բազմաթիվ մարդկանց համար, ովքեր իրենց ստեղծագործությունները նվիրել են Ենգիբարյանին։



Ենգիբարյանը հայտնի է նաև որպես նովելների և երկերի հեղինակ։ Իր ելույթներում նա լայնորեն օգտագործել է մնջախաղի, ակրոբատիկայի, լարախաղացության և աճպարարության հնարները։ 

Նույն շարքից