Այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունվեց ՀՀ մշակույթ նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած՝ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությունից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ տեղափոխելու որոշման նախագիծը:
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախագիծը հարմարեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի, առաջին հերթին՝ ԿԳՆ-ի հետ:
«Բա ո՞նց ես համոզել պարոն Աշոտյանին»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք միշտ իրար համոզում ենք, եթե պետք է լինում, ստացվում է»,- պատասխանեց մշակույթի նախարարը:
«Ձեզ մոտ էլ է ստացվում, հա՞: Վտանգավոր է»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը և իր խոսքն ուղղելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ասաց. «Աշոտյան, համոզելու գործ լինի, քեզ դիմենք, հա՞»:
«Եթե ունենամ վարչապետի հանձնարարականը, ապա այո, պարո՛ն վարչապետ»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը: