Մշակույթ 

Բուենոս Այրեսի Լունա Պարկ մարզահամերգային համալիրում կայացել է Ցեղասպանության ոգեկոչման համերգ-ներկայացումը

Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսի Լունա Պարկ մարզահամերգային համալիրում  կայացել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման կենտրոնական քաղաքացիական միջոցառումներից ևս մեկը:

Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն` միջոցառմանը ներկա էին համայքի ներկայացուցիչները, պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ, ազգային դատավորներ, հասարակական և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոգեկոչման միջոցառմանը ելույթով հանդես են եկել Պատգամավորների ազգային պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսը, Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը, հեղինակավոր իրավաբան, արդարադատության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը։

Ելույթ են ունեցել դերասան Պատրիսիո Կոնտրերասը, ով ընթերցել է Պարույր Սևակի բանաստեղծություններից, այնուհետև նկարիչ Ալեխանդրո Բուստոսն, ով վիզուալ լուսաստվերային ներկայացումներ էր պատրաստել:

Կատարումներով հանդես է եկել նաև «100 ձայն` հարյուրերորդ տարելիցի համար» երգչախումբը, որն ստեղծվել է հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար: Նրանք  կատարել են «Հայ ապրինք», «Զարթնիր լաո», «Ռեքվիեմ» երգերը: Փակման երգերը կատարել է հայտնի արգենտինացի երգիչ Խայրոն, ով ներկայացրել է հայտնի երգեր՝ Շառլ Ազնավուրի` Ցեղասպանությանը նվիրված Ils sont tombés  և Pour toi Armenie երգերը`«100 ձայն» երգչախմբի  ուղեկցությամբ:
 

Նույն շարքից